Ժամանակի ընթացքում մենք կորցրել ենք մեր լեզուն, դրա համար էլ կորցրել ենք նաեւ շատ այլ արժեքներ
Общество«Հայերենը հայունն տունն է», «Ես եմ ամենամեծ գանձը» այս եւ նմանատիպ այլ գրառումներով եւ հայերենի մասին բանաստեղծություններ արտասանելով Ազատության հրապարակում շրջում էին «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի սաները:
Նախաձեռնությունը, ինչ խոսք, ողջույնի ու բարձր գնահատանքի է արժանի, իսկ թե երբ է առաջացել հայերեն լեզվի պաշտպանության վերաբերյալ այս ծրագրի գաղափարը, Orer.am-ի հետ զրույցի ժամանակ պարզաբանեց տվյալ կրթահամալիրի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մելանյա Մկրտչյանը. «Այստեղ հավաքված են 8-10-րդ դասարանի աշակերտներ: Մեր սաները հայոց լեզվի, մայրենիի անաղարտության համար մտահոգ են: Մեր հիմնական նպատակը հայոց լեզուն պահպանելն ու այն չաղավաղելն է, քանի որ հենց աղավաղված լեզուն է աղավաղված բարքերի նշան:
Մեզ համար, ունենալ աղավաղված լեզու ու աղավաղված բարքեր, կնշանակի դեպի կործանում տանել ազգը»:
Ինչպես նշեց Մելանյա Մկրտչյանը, այս միջոցառումն առաջինն ու վերջինը չէ, որն ուղղված է հայերենի պաշտպանությանը:
«Մենք շատ հաճախ ենք նման միջոցառումներ անցկացնում: Ասեմ, որ սա մեկ օրվա մտահղացում չէ»,- ասաց նա` հավելելով, թե սա մեկ հոգու եւ մեկ խմբի գործ չէ: «Հայոց լեզվի պաշտպանության գործին պետք է ազգովի նվիրվենք: Ազատության հրապարակը խորհրդանշական է պայքարի համար: Մենք եւս այսօր պահանջատեր ենք:
Ժամանակի ընթացքում կորցրել ենք մեր լեզուն, դրա համար էլ կորցրել ենք նաեւ շատ այլ արժեքներ: Եթե հոգեւոր արժեքը, լեզուն, մշակույթը մնա, անարդարությունը քիչ կլինի ու Ազատության հրապարակում վանկարկվող բառերը` դեմ ենք, եւ այլն, արդեն չեն լինի: Դրական արդյունքի հասնելու համար մենք սա առաջին քայլ են դիտարկում»,- ասաց նա: