Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոն կհամագործակցի Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ
ОбществоՀայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի (ՓԱԲ) մամուլի գրասենյակից Orer.am-ին տեղեկացնում են, որ ՓԱԲ պատվիրակության 2016 թվականի մարտի 2-ին Արցախ կատարած այցի շրջանակներում համագործակցության պայմանագիր է ստորագրվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ:
Կողմերը պարտավորվել են իրենց գիտական, մանկավարժական և նյութատեխնիկական կարողությունները ներդնել երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության համար, նպատակ ունենալով ուսումնաարտադրական և ուսումնագիտական բազաների օգտագործման, փորձագիտական ոլորտի համար անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, ինչպես նաև մասնագիտական կրթության շարունակականության ապահովման շնորհիվ նպատակային հեռանկարային ծրագրեր մշակել, գիտահետազոտական և ինովացիոն ծրագրեր իրականացնել:
Բացի այդ, աջակցություն կցուցաբերվի նաև գիտական, գիտահանրամատչելի, ուսումնական, տեղեկատվական և գիտամեթոդական գրականության փոխանակման հարցում: Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավարությունը մտադրություն ունի նաև աջակցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանին միջազգային կապերի ընդլայնմանը:
Մասնավորապես, համատեղ ծրագրերի իրականացման շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել և իրականացնել մի շարք ծրագրեր եվրոպական, ռուսական, ամերիկյան, ճապոնական գիտական և գիտակրթական կենտրոնների հետ՝ հաշվի առնելով այդ երկրների հետ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համագործակցության ներկայիս բարձր մակարդակը: Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից պայմանագիրը ստորագրել են տնօրեն Ա.Ջավադյանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հ. Թոքմաջյանը:
Ա.Գ.