Գյուղատնտեսության ոլորտում աշխատող կանայք ակտիվ գործունեության համար խրախուսվեցին մրցանակներով
ОбществоՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու ՕՔՍՖԱՄ-ի երևանյան գրասենյակն ամփոփեցին «Գյուղմթերքի կին հերոս 2016» մրցանակաբաշխության արդյունքները:
Տոնական միջոցառման ընթացքում գյուղատնտեսական մթերքների արտադրության մեջ ներգրավված ավելի քան 40 կին ֆերմերներ ներկայացրին իրենց արտադրանքը, քննարկեցին առկա մարտահրավերները: Մրցանակաբաշխությոնը հյուրընկալվել էին ավելի քան 100 այցելուներ, որոնք հնարավորություն ունեցան մասնակցել ավանդական խոհանոցի ուտեստների համտեսին:
Իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախ շնորհակալություն հայտնեց մրցանակաբաշխության կազմակերպիչներին, ինչպես նաև ներկա կանանց շնորհավորեց կանանց միջազգային օրվա կապակցությամբ:«Խոսքն առաջին հերթին ՕՔՍՖԱՄ կազմակերպությունն է, որի հետ մենք արդեն երկար տարիներ համագործակցում ենք, ինչպես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիությանն աջակցության համար: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհավորել նաև կանանց միջազգային օրվա կապակցությամբ, ցանկանալ ձեզ առողջություն, երկար տարիների կյանք, անսպառ համբերություն և նորանոր ձեռքբերումներ ձեր հետագա գործունեության ընթացքում»,- Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց նախարարը
Նա հավելեց, որ գյուղատնտեսությունը կարևոր ոլորտ է տնտեսության համար: «Ես պետք է ասեմ, որ գյուղատնտեսության մեջ ներգրավված շուրջ 400 հազար աշխատողների 50 տոկոսից ավելին կանայք են: Գյուղատնտեսության ոլորտում մոտավորապես 220 հազար կին է աշխատում: Ընդհանրապես կանայք գյուղատնտեսության զարգացման մեջ մեծ դեր ու նշանակություն ունեն: Եվ ոչ միայն գյուղատնտեսության. նրանք մեծ դեր ունեն նաև քաղաքական, մշակութային, տնտեսության այլ ոլորտներում ևս: Դժվար է պատկերացնել մի ոլորտ, որտեղ կանայք չունեն իրենց ուրույն դերը: Ես առաջին հերթին ցանկանում եմ կարևորել այդ կանանց դերն ընտանիքի կազմավորման, կազմակերպման և շարունակականության ապահովման գործում: Կարևորում եմ նաև այն խոշոր ներդրումը, որ կանայք ունենում են մեր տնտեսության զարգացման մեջ: Նրանք իրենց մեծ դերակատարումն ունեն գյուղատնտեսության բոլոր ոլորտներում: Ես ցանկանում եմ հատկապես նշել նրանց աշխատանքը հողագործության ոլորտում, ինչի արդյունքում մենք կարողանում ենք տալ հայրենական գյուղատնտեսական բարձրորակ արտադրանք»,- եզրափակեց Սերչգո Կարապետյանը:
«Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունն անցկացվում է «Հարավային Կովկասում պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերային արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2011թ.-ից, որի նպատակն է խթանել այն կանանց գործունեությունը, ովքեր դրական արդյունքների են հասել գյուղատնտեսության ոլորտում ու կարող են նպաստել համայնքների կայուն զարգացմանը, պարենային ու սնուցման անվտանգությունը: Մրցանակաբաշխության ընթաց քում գյուղատնտեսության ոլորտում աշխատող շուրջ մեկ տասնյակ կանայք ոլորտում ծավալած ակտիվ գործունեության համար արժանացան մրցանակների: