Հայաստանի ավիացիոն շուկայում զարգացման ներուժ կա
Общество«Արմենիա» հայկական ավիաընկերության բաժնետերերի ցանկում չկան Հայաստանի իշխանական վերնախավի ներկայացուցիչներ կամ նրանց բարեկամները: Մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ընկերության 24 տոկոս բաժնետեր Թամազ Գաիաշվիլին: «Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից ոչ ոք սեփականատեր չէ: Այդ խոսակցությունները նրա համար են, որ խանգարեն նորաստեղծ գործին: Դրանք առաջին հերթին Հայաստանի շահերից չեն բխում: Երկիրը այն պայմաններում է, որ ավիացիան պետք է անպայման ոտքի կանգնեցնել»,- Արմենպրեսի փոխանցմամբ` ասաց նա:
Թամազ Գաիաշվիլիի խոսքով` ինչպես Վրաստանը, այնպես էլ Հայաստանը մի տարածաշրջանում են, ուր ավիացիայի զարգացումը շատ կարևոր է: Հիշելով 2008 թվականին վրաց-օսական պատերազմը` վրացի բաժնետերը նկատեց, որ մեկ օրում Վրաստանում թռիչքներ իրականացնող ավիաընկերությունները դադարեցրին չվերթները ու, եթե չլիներ վրացական ավիաընկերությունը, լիակատար մեկուսացման մեջ կհայտնվեր երկիրը:
Ինչ վերաբերում է հարցին, որ հայկական երկու ավիաընկերություններ ձախողվել են, ինչպես է «Արմենիա» ընկերությունը պատրաստվում ապահովել իր մրցունակությունը շուկայում, Թամազ Գաիաշվիլին ասաց. «Ես տեղյակ չեմ, թե ինչու են սնանկ ճանաչվել ընկերությունները, բայց կարող եմ ասել, որ Հայաստանում ավիացիոն շուկան վատը չէ, զարգացման ներուժ կա: Հայաստանի համար նոր ուղղությունները կարևոր են»:
Թամազ Գաիաշվիլին նաև տեղեկացրեց, որ մոտ 4 տարուց հետո, երբ ընկերությունը կայուն աճ կունենա, պատրաստվում է ընկերության իր բաժնեմասերը հանել վաճառքի, ինչը յուրաքաչյուրին հնարավորություն կտա դառնալ ընկերության սեփականատեր:
«Արմենիա» ավիաընկերության բանետոմսերի 51 տոկոսը պատկանում է Աշոտ Թորոսյանին, 25 տոկոսը` Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ 24 տոկոսը` Թամազ Գաիաշվիլիին: