Վրաստան-Ադրբեջան գազային գործարքը դրական էր նաեւ Հայաստանի համար.«168 ժամ»
Экономика«168 ժամ» թերթը գրում է. «Վրաստանի գազային խնդիրը կարելի է լուծված համարել` ի օգուտ ողջ տարածաշրջանի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին` մեկնաբանելով Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայացած գազային համաձայնությունը: Հիշեցնենք, որ օրերս Թբիլիսիում Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւը ստորագրեցին համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանն Ադրբեջանից հետագա տարիներին կստանա լրացուցիչ 500 միլիոն խորանարդ մետր գազ:
Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվել են ոչ միայն մատակարարվող գազի ծավալները մեծացնելու, այլեւ գինը նվազեցնելու մասին: Նշենք նաեւ, որ նախորդող մի քանի ամիսների ընթացքում վրացական կողմը բանակցություններ էր վարում թե՛ SOCAR-ի, թե «Գազպրոմի» հետ՝ պնդելով, որ գազի հավելյալ ծավալների կարիք ունի, եւ SOCAR-ը չի կարողանում այն ապահովել:
Մենագարիշվիլին դրական գնահատեց կնքված գործարքը՝ պնդելով, որ դա շատ ավելի լավ տարբերակ է, քան այն, ինչ քննարկվում էր «Գազպրոմի» հետ: Ի վերջո, նրա որակմամբ, Ռուսաստանը Վրաստանի համար վստահելի գործընկեր չէ, եւ բանակցությունները, շատ քաղաքական գործիչների համոզմամբ, դատապարտված էին անհաջողության:
«Թեեւ բանակցությունները շարունակվում են, հույս չունեմ, որ դրանք էապես օգնելու են Վրաստանին լուծել իր էներգետիկ խնդիրները: Կարծում եմ` այս բանակցություններն այլ խնդիր են լուծում Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ի դեպ, դրանց ընթացքը ցույց տվեց, որ կողմերի միջեւ լարվածության մակարդակը բարձր է: Վրաստանը ձգտում է անվտանգ հարեւանություն ունենալ, որին էլ, ըստ էության, ուղղված է համագործակցության այս փորձը: Կարծում եմ` Վրաստան-Ադրբեջան այս գործարքով խնդիրը մեծապես լուծվեց, կարելի է ասել, որ Վրաստանը գտավ իր համար օպտիմալ տարբերակը, սակարկեց Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ: Չի բացառվում, որ Ռուսաստանի հետ հետագա բանակցություններն այլեւս պարզապես արհեստական բնույթ կրեն, քանի որ Ադրբեջանն ապահովելու է Վրաստանին անհրաժեշտ գազի ողջ ծավալը»,- նշեց Մենագարիշվիլին:
Նրա համոզմամբ՝ սա դրական հանգամանք է նաեւ Հայաստանի համար, քանի որ Ռուսաստան-Վրաստան բանակցությունների ընթացքում գազային տարբեր սխեմաների մասին խոսակցություններ էին շրջանառվում մամուլում, որոնք եւ՛ Հայաստանին, եւ՛ Վրաստանին գուցե էլ ավելի մեծ կախվածության մեջ գցեին ռուսական էներգակիրներից: «Տեսակետներ կային, որ Ռուսաստանը փորձելու է փակել Իրանի հնարավորությունները: Ռուսական այս բոլոր հույսերը, ըստ էության, անհետացան»,- ասաց նախկին նախարարը: Իրակլի Մենագարիշվիլիի համոզմամբ՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ամուր դիրքերի ֆոնին ծայրաստիճան կարեւոր է այդ դիրքերն էլ ավելի չամրացնելն ու ողջ տարածաշրջանը կաթվածահար վիճակի չհասցնելը: «Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում հենց այդպիսի որակներ ունի, ուստի պետք է խուսափել էլ ավելի մեծ կախվածությունից»,- ընդգծեց Մենագարիշվիլին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում