Լիբերիայում Էբոլա վիրուսով վարակվածների օգնության խոշորագույն կենտրոն է բացվել
Международные новостиԼիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում աշխատանքն է սկսել Էբոլա վիրուսով վարակվածներին օգնություն ցուցաբերելու՝ Արևմտյան Աֆրիկայում խոշորագույն կենտրոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին հաղորդել է ՍԱՊԱ գործակալությունը: Կենտրոնը նախատեսված է օրական ավելի քան հարյուր հիվանդների ընդունման համար:
Առաջին օրվա ընթացքում կենտրոնի մասնագետները մահացու վտանգավոր հիվանդությունը հաստատել են իրենց դիմած 46 անձանց մոտ:
Լիբերիան արևմտաաֆրիկյան այն պետություններից մեկն է, որն առավել մեծ չափով է տուժել Էբոլայի համաճարակից, որը տարածաշրջանում մոլեգնում է այս տարվա սկզբից: Ընդամենն ընթացիկ տարվա փետրվարից Էբոլա վիրուսով ավելի քան 5,8 հազար մարդ է վարակվել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում և Սենեգալում, հիվանդության զոհերի թիվը գերազանցել է 2,8 հազարը:
Ներկայումս բժշկությունը չունի Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութ: Այդ հիվանդությունից մահացությունը կարող է հասնել 90 տոկոսի, սակայն ներկայիս բռնկման ընթացքում այն կազմում է շուրջ 60 տոկոս, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: