Հայաստանը մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացված ցուցահանդեսին
КультураՓարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մարտի 8-ին բացվել է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որի շրջանակներում աշխարհի 9 երկիր՝ Հայաստան, Բահրեյն, Դոմինիկյան Հանրապետություն, Ուկրաինա, Կուբա, Բանգլադեշ, Տոգո, Եգիպտոս և Թուրքիա, ներկայացնում են համապատասխան տարածաշրջանային խմբեր: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, արևելաեվրոպական երկրների խմբի անունից հանդես եկող Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է հայ նկարչուհի Արև Պետրոսյանի աշխատանքներով:
Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ և լրագրողներ:
Միջոցառման շրջանակներում կայացած ընդունելության ընթացքում հյուրերին հնարավորություն է ընձեռնվել ծանոթանալու հայկական ավանդական խոհանոցին:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մարտի 18-ը: