Հայ երեխաները հաջողություններ են գրանցել «Լիդիցե 2015» միջազգային մանկական ցուցահանդեսում
ОбществоՀայ երեխաները հաջողություններ են գրանցել չեխական «Լիդիցե 2015» կերպարվեստի միջազգային մանկական ցուցահանդեսում:
Այս մասին նշեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան:
«Այսօր մրցանակներ կհանձնենք հայ երեխաներին, որոնք մասանկցել են «Լիդիցե 2015» կերպարվեստի միջազգային մանկական ցուցահանդեսին: Լիդիցեն չեխական գյուղի անուն է, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ոչնչացվել է: Պատերազմից հետո բնակիչները վերադարձել են գյուղ, և ի պատիվ իրենց կազմակերպվում է այս համաշխարհային ցուցահանդեսը: 2015-ին ցուցահանդեսն արդեն 43-րդ անգամ է կազմակերպվում: Սովորաբար մասնակցում են աշխարհի 25 հազար երեխաներ աշխարհի 60-70 երկրներից: Հայ երեխաներն էլ են մեծ հաջողությամբ մասնակցում, ամեն տարի մրցանակների են արժանանում»,-ընդգծեց Պետր Միկիսկան:
Չեխիայի դեսպանի խոսքով` միջազգային ժյուրին դիտում է ամբողջ աշխարհի տարբեր երկրներից ուղարկված նկարները, քննարկում, ընտրում լավագույնները: Հետագայում լավագույնների հեղինակ երեխաները աշխարհի տարբեր երկրների չեխական դեսպանատներում ստանում են իրենց մրցանակները:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացված արարողության ժամանակ դեսպանը պարգևներ հանձնեց հայ 8 մրցանակակիրներին` Քրիստինե Հովսեփյանին, Էլլա Գալաշյանին, Լիլիթ Բարսեղյանին, Էդմոն Հովհաննիսյանին, Աննա Հովհաննիսյանին, Արթուր Դավթյանին, Մելինե Բադալյանին, Աստղիկ Աբովյանին: Բացի այդ Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցը ճանաչվեց Լիդիցեի «Վարդ» մեդալակիր: Դեսպանը հայ երեխաներին հրավիրեց նաև մասնակցելու հաջորդ ցուցահանդեսին:
2015 թվականին լրացավ Լիդիցե կերպարվեստի միջազգային մանկական ցուցահանդեսի 43-րդ ամյակը: «Լույսի միջազգային տարի» խորագրով ցուցահանդեսին մասնակցեցին աշխարհի 71 երկրներից 21 380 երեխաներ, որոնց գործերի թեման էր «Լույսը»: Հայաստանից ցուցահանդեսին մասնակցել է 205 երեխա:
Լիդիցե կերպարվեստի միջազգային մանկական ցուցահանդեսը հիմնադրվել է 1967 թվականին՝ ի հիշատակ նացիստական Գերմանիայի կողմից Լիդիցե քաղաքում սպանված, ինչպես նաև պատերազմներում զոհված բոլոր երեխաների:
1973-ից ի վեր, այս ցուցահանդեսը ձեռք է բերել մեծ համբավ և ճանաչում ոչ միայն մեր երկրի երեխաների ու ուսուցիչների շրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Վերջին տարիներին, ավելի քան 25 000 կերպարվեստի լավագույն գործեր կանոնավոր կերպով հանդես են գալիս ոչ միայն Չեխիայի և Սլովակիայի Հանրապետություններից, այլ նաև աշխարհի 60-70 երկրներից, ներառյալ այնպիսի հեռավոր երկրներից, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Քենյան, Մալազիան, Ֆիլիպինները, Շրի Լանկան և Զիմբաբվեն: