Քեմերոնը Նյու Յորքում բանակցություններ կվարի Իրանի նախագահի հետ
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ուղղակի բանակցություններ կվարի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով նախարարների կաբինետի ղեկավարի դիվանատանը:
Սպասվում է, որ բրիտանական կառավարության ղեկավարը կոչ կանի Ռոուհանիին՝ աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային ռազմարշավին, որը տարածքներ է զավթել Սիրիայում և Իրաքում: Ինչպես նշում է գործակալությունը, դա կլինի բարձր մակարդակի առաջին հանդիպումը 1979 թվականից ի վեր: Հանդիպման ստույգ ամսաթիվը չի նշվում: ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանն սկսվել է սեպտեմբերի 16-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 1-ը:
Սեպտեմբերի 22-ին «Իսլամական պետության» շուրջ բանակցություններ են անցկացրել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: Ավելի վաղ Զարիֆը դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ Իրանը չէր հրավիրվել Իրաքին նվիրված փարիզյան խորհրդաժողովին, որտեղ քննարկվել են «Իսլամական պետության» դեմ պայքարի միջոցառումները: Նախարարի խոսքով՝ իր երկիրը կարող է կարևոր դեր խաղալ այդ հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: