Հայաստանում աշնանը կանցկացվի «Երեխաների սնուցման գլոբալ ֆորում»
ОбществоՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոյին և ՌԴ Պարենի ճյուղային սննդի ինստիտուտի տնօրինության ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման և աշնանը Հայաստանում նախատեսվող «Երեխաների սնուցման գլոբալ ֆորում»-ի կազմակերպչական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը` ընդգծելով, որ նախարարությունը հաստատակամ է ՀՀ մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման գործում: Ներկայումս դպրոցական սննդի ծրագիրը 3 մարզերում իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի՝ ՌԴ կառավարության օժանդակությամբ: Ծրագրից օգտվում են ՀՀ մարզերի տարրական դպրոցների շուրջ 90 հազար աշակերտներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ինչպես ծրագրի ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման, այնպես էլ դպրոցներում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների բարելավման հետ կապված հարցերին:
Անդրադառնալով ՀՀ կառավարության, «Երեխաների սնուցման գլոբալ հիմնադրամ»-ի և ՊՀԾ գերազանցության կենտրոնի (Բրազիլիա) կողմից համատեղ կազմակերպվող «Երեխաների սնուցման 18-րդ գլոբալ ֆորում»-ին` նախարարն ընդգծել է, որ այն Հայաստանի համար խիստ պատասխանատու և հեղինակավոր միջոցառում է: Նշվել է, որ Հայաստանը նախկին խորհրդային երկրներից առաջինն է, որտեղ անցկացվելու է «Երեխաների սնուցման գլոբալ ֆորում»-ը: Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն շուրջ 50 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ֆորումի կազմակերպման հարցում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու Ռուսաստանի պարենի ճյուղային սննդի ինստիտուտը կցուցաբերեն աջակցություն ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: