ԱՊՀ-ում ցանկանում են ներդնել ՏՏ ոլորտի զարգացման Հայաստանի փորձը
ОбществоԱնկախ պետությունների համագործակցության անդամ երկրները նախատեսում են խորացնել համագործակցությունը կապի ու հաղորդակցության նորագույն տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի շուրջ, և այս ուղղությամբ մեծ ներդրում կարող է ունենալ Հայաստանը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այդ մասին Մոսկվայում մարտի 11-ին կայացած «ԱՊՀ-ի շրջանակում տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները» թեմայով մուլտիմեդիա ասուլիսի ընթացքում նշեց Մոսկվայում ԱՊՀ Գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կուշնիրենկոն:
Պատասխանելով ԱՊՀ տնտեսական համագործակցության շրջանակներում ՏՏ ոլորտում Հայաստանի առաջատար մասնակցության հնարավորության վերաբերյալ հարցին՝ Անդրեյ Կուշնիրենկոն ընդգծեց, որ այդ ուղղությամբ Հայաստանում կուտակած փորձը զգալիորեն կարող է օգտակար լինել գործընկեր երկրներում ևս կիրառելու ու զարգացնելու համար:
«Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա դրականորեն է ազդում այն հանգամանքը, որ այստեղ ՏՏ ոլորտը գերակա և զարգացող ուղղություն է: Իր փորձի վրա հիմնվելով՝ Հայաստանը հաճախ հանդես է գալիս որպես ՏՏ ոլորտի կարևոր փաստաթղթերի մշակման նախաձեռնող, ակտիվ մասնակից և հեղինակ»,- նշեց Անդրեյ Կուշնիրենկոն՝ հավելելով, որ Հայաստանի նման դերակատարումը լավ զգացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների համագործակցության ոլորտում միջգերատեսչական ու միջպետական նորմատիվ փաստաթղթերի և ընդհանուր նախագծերի նախապատրաստման փուլում: