Սոթքի միջնակարգ դպրոցում բացվեց ազատամարտիկ Ալեքսանդր Ավագյանի հուշատախտակը
ОбществоԳեղարքունիքի մարզի Սոթք գյուղի միջնակարգ դպրոցում բացվեց Արցախյան ազատամարտի հերոս Ալեքսանդր Ավագյանի հուշատախտակը: Այն փակցվեց նրա անունը կրող ռազմագիտության կաբինետի մուտքին:
Ինչպես տեղեկացրեց Սոթքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ադելինա Մնացականյանը, դպրոցի ռազմագիտության կաբ ինետը դեռ նախորդ տարվա դեկտեմբերին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշմամբ անվանակոչվել էր Ալեքսանդրի անունով, իսկ հուշատախտակի բացումը կայացավ այս տարվա մարտի 10-ին` Սոթքի գյուղապետարանի աշխատակիցների, դպրոցի ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների մասնակցությամբ: Նրանք խոնարհվեցին հերոսի հիշատակի առջեւ, ոգեկոչեցին նրա անունն ու գործը, եւ երդվեցին անխախտ պահել սուրբ հայրենիքի սահմանները:
«Մանաշիդում էր ծնվելԱրցախյան գոյամարտի նահատակ Ալեքսանդր (Սաշա) Ռոմայի Ավագյանը: Հայրենի Մանաշիդի, Վերին Շենի, Գյուլիստանի մարտերի քաջ մասնակիցն էր, Շահումյանիշրջանը պաշտպանող հերոսներից մեկը: Շահումյանի անկումից ու բռնագաղթից հետո հանգրվանել էր Վարդենիսի շրջանի Զոդ գյուղում` համարելով, որ բազմանդամ ընտանիքն ապահով հասցրել է հայրենիք: Հայրը, մայրը, կինը, դուստրն ու երեք արու զավակներն իր խնամքին էին: Ինչ գործ ասես ձեռնարկում էր: Ինքնաշեն տրակտորով վարում-ցանում էր, անասուն էր պահում, սարերի լանջերի խոտն էր գերանդիով հնձում»,- իր խոսքում նշեց Ադելինա Մնացականյանը:
Բայց թշնամին առաջ էր շարժվում, իսկ կամավորները պատմություն էին կերտում Արցախում` հաղթանակով անմահանալու գնում: Ալեքսանդրը թշնամուց վախ չուներ, մտածում էր ընկերների, ոչ թե իր մասին: Գյուլիստանի բարձունքների համար մղվող մարտերից մեկում էլ ընկավ քաջ արծիվը, երբ շուջն ապրելու ապրիլը բնության պարգեւ մանուշակներ էր սփռել, շուրջը գարուն էր ու կյանք:
«Ապրիլի 12-ն էր, 1994 թվականը: Հետո կգար հաղթանակների մայիսը, բայց Ալեքսանդրն արդեն Եռաբլուրի հավերժ անմահներից մեկն էր: «Եղնիկներ» ջոկատի գնդացրորդ Սաշիլմ այդ օրն ապահովեց 400 մարտական ընկերների նահանջը: Երկու զոհ եղավ, բայց վերջին պահին ականանետի հարվածից մահացու վիրավորվեց ու լուսաբացին մարեց մեր հերոսը՝ միշտ մնալով մեր սրտերում, Արցախյան հերոսամարտի փառքի էջերում»-նշեց Ադելինա Մնացականյանը: