Հայաստանի ճանապարհաշինական առաջիկա ծրագրերը ներկայացվել են միջազգային բանկերի ներկայացուցիչներին
ОбществоՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում քննարկել են Հայաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինական ծրագրերին միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցության և ԵՄ Արևելյան գործընկերության աջակցության նոր շրջանակների հնարավորություններին վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպում-քննարկմանը ներկա են եղել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի տարածաշրջանային ծրագրերի Արևելքի բաժնի ղեկավար Վասսիլիս Մարագոսը, Հայաստանում Եվրամիության հետ համագործակցության բաժնի ղեկավար Խոա-Բին Աջեմիան, Եվրասիական զարգացման բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ: Տեսակապի միջոցով Լյուքսեմբուրգից քննարկմանը մասնակցել են նաև Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները:
Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը հանդիպման սկզբում նշել է, որ նման ձևաչափը հրաշալի հնարավորություն է գործընկերների հետ մեկ սեղանի շուրջ քննարկելու ճանապարհային ցանցը բարելավող ծրագրերի ընթացքը, ինչը Հայաստանի որպես տարանցիկ երկրի համար ռազմավարական մեծ կարևորություն ունի։ «Մենք պատրաստել ենք մանրամասն տեղեկատվություն, որպեսզի ձեզ ներկայացնենք, թե ճանապարհաշինության ոլորտում առաջիկայում ինչ ծրագրեր ունենք: Սա եզակի հնարավորություն է բոլորիս համար այդ խնդիրները քննարկել մեկ սեղանի շուրջ»,-ասել է Արթուր Առաքելյանը: Հանրապետության ամենամեծ ճանապարհաշինական ծրագրի՝ Հյուսիս-հարավի 5 տրանշներին ու այնտեղ կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին ներկաներին ծանոթացրել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը: Նա մեկ անգամ ևս ընդգծել է կառուցվող արագընթաց մայրուղու կարևորությունն ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի համար: Ճանապարհային այդ հսկան Իրանը Վրաստանին կապող միակ ցամաքային ուղին է, ինչն արդեն իսկ կարևոր հանգամանք է վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում: Արթո ւր Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Վրաստանի պետական սահմանին՝ Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում կառուցվելիք Բարեկամության կամրջի նախագիծը, որը կֆինանսավորվի Վերակառուցման և զարգացման բանկի վարկային միջոցներով: Ճանապարհաշինական հաջորդ կարևոր ծրագրերից մեկը Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու շինարարությունն է: Ներկաները ծանոթացել են նաև այս ճանապարհաշինական ծրագրին: Նշվել է, որ արդեն պատրաստ են տեխնիկատնտեսական նախագծերը և այժմ Ասիական զարգացման բանկÕ « հետ ընթանում են քննարկումներ մի շարք հարցերի, այդ թվում նաև ճանապարհը կառուցելու համար միջազգային բաց մրցույթ հայտարարելու վերաբերյալ: Դրամատունը կֆինանսավորի ճանապարհի շինարարությունը: Այդ ճանապարհահատվածը մեկն է Հայաստանի Հանրապետությունը հարևան երկրների հետ կապող տարանցիկ մայրուղիներից, որոնք կվերակառուցվեն առաջիկա տարիներին:
Կարևորելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զգալի մասն իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտով՝ 2011 թվականին ՀՀ կառավարությունն ընդունել է «ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման» հայեցակարգ: Ըստ այդմ՝ բանակցություններ են նախատեսվում միջազգային ֆինանսական մի շարք կազմակերպությունների հետ, միջպետական և հանրապետական նշանակության ևս երեք ճանապարհներ հիմնանորոգելու համար: Հանդիպման ավարտին մասնակիցները մտքեր են փոխանակել նե րկայացված ծրագրերի շուրջ, եղել են մի շարք առաջարկներ, այդ թվում ճանապարհային անվտանգության ապահովման վերաբերյալ: