«Միթսուբիշին» բախվել է արգելապատնեշին. 3 տուժածներն արգելափակվել են մեքենայում. նրանց վիճակը ծանր է (ֆոտո)
ОбществоՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 13-ին, ժամը 09:40-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Վերին Ախտա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատը:
Պարզվել է որ, դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Սեւան 45-րդ կմ-ում «Միթսուբիշի Պայերո» մակնիշի 01 FR 077 համարանիշի (վարորդ՝ 23-ամյա Էդիկ Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել կամուրջի հենասյուներին:
Վթարի հետեւանքով վարորդ Էդիկ Գ.-ն եւ ուղեւորներ 27-ամյա Տիգրան Կ.-ն եւ 22-ամյա Տավրոս Կ.-ն, արգելափակվել են ավտոմեքենայի սրահում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժած Տիգրան Կ.-ն դուրս է բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Տավրոս Կ.-ին ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:


Փրկարարները դուրս են բերել վարորդ Էդիկ Գ.-ին եւ տեղափոխել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա:
Երեք տուժածներն էլ սովորում են Գավառի պետական համալսարանում։