Ցածր գնաճը թույլ է տալիս մտածել տնտեսական խթանները ակտիվացնելու մասին
ЭкономикаՏարեսկզբի երկու ամիսներին Հայաստանում արձանագրվել է ընդամենը 0,8 տոկոս գնաճ։ Այդ երեւույթն արտահայտվել է հիմնականում պարենային ապրանքների դեպքում, որոնք նախորդ տարվա վերջի համեմատ թանկացել են 2 տոոկսով։
Դրանով հանդերձ, 12-ամսյա հատվածում Հայաստանում ոչ միայն գնաճ չի գրանցվել, այլեւ տեղի է ունեցել գների նվազում։ Խոսքը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գների դրսեւորած միտումների մասին է։
Ըստ այդմ, փետրվարին 2015թ. նույն ամսվա համեմատ սպառողական ապրանքների գնանկումը կազմել է 1,7 տոկոս։ Գների նվազումը շատ ավելի մեծ է եղել հատկապես պարենային ապրանքների դեպքում։ Դրանք մեկ տարի առաջվանից ցածր են գրեթե 6 տոկոսով։
Տասներկուամսյա հատվածում սպառողական ապրանքների շուկայում գնաճ է գրանցվել միայն ծառայությունների ոլորտում, որտեղ գների բարձրացումը կազմել է 3,4 տոկոս։ Դա պայմանավորվել է մասնավորապես հանգստի, զվարճանքների, մշակութային, տրանսպորտային եւ այլ ծառայությունների հետ կապված ծախսերի ավելացմամբ։
Կենտրոնական բանկի կանխատեսումներով, ցածր գնաճային միջավայրը Հայաստանում կշարունակի պահպանվել նաեւ առաջիկա ամիսներին։ Նման պնդումների համար հիմք են տվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրի սպասումները։
Թեեւ ներքին տնտեսության մեջ կան որոշակի գնաճային ակնկալիքներ՝ կապված ենթաակցիզային որոշ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հետ, այնուհանդերձ ԿԲ-ն այդ առումով եւս էական մտահոգություններ կարծես չունի։ Ուստի կարծում է, որ ցածր գնաճային միջավայրը Հայաստանում դեռեւս կշարունակի պահպանվել։
Այդ պայմաններում անշուշտ նպատակահարմար կլիներ, որպեսզի Կենտրոնական բանկը փորձեր հավելյալ խթաներ ստեղծել տնտեսական գործընթացների ակտիվացման համար։ Խոսքն այս դեպքում վերաբերում է դրամավարկային պայմանների հետագա թուլացմանը։
Այդ առումով վերջին ամիսներին որոշակի քայլեր իհարկե իրականացվել են, սակայն գնաճի ցածր մակարդակը թույլ է տալիս մտածել այն շարունակելու մասին։ Հատկապես որ, ֆինանսական շուկայի մասնակիցները վերստին մեծացրել են վարկային շուկայում տոկոսային եկամուտներն ավելացնելու ակնկալիքները։ Մի բան, ինչն արտահայտվում է վարկերի թանկացման տեսքով։
Հունվարին բանկային համակարգում վարկավորման միջին տոկոսադրույքը նախորդ տարվա վերջի համեմատ աճել է 1 տոկոսային կետով՝ հասնելով 16,9-ի։ Ընդ որում դա տեղի է ունեցել ավանդների տոկոսադրույքի նվազեցման պայմաններում։
Այլ կերպ ասած, բանկերը դարձյալ ավելացրել են սեփական մասնաբաժինը՝ ներգրավող եւ տրամադրվող միջոցների հարաբերակցության մեջ։ Եթե նախորդ տարվա վերջին այն իջել էր ընդհուպ մինչեւ 1,8 տոկոսի, ապա տարեսկզբին դարձել է 3,6 տոկոս։ Այսինքն՝ կրկնապատկվել է։
Ն.ՍԱՐԳՍՅԱՆ