Հայաստանը հանքավայրերի շահագործման էկոլոգիապես մաքուր եղանակի կողմնակից է
ОбществоՀայաստանի կառավարությունը ներկայում ջանքեր է գործադրում արդյունահանվող մետաղական օգտակար հանածոների վերամշակման արտադրության կազմակերպումը փակ ու ավարտուն ցիկլերով կազմակերպելու համար, հանույթից պատրաստի արտադրանքի ստեղծման ուղղությամբ: Արմենպրեսի փոխանցմամբ` մարտի 14-ին կայացած հայ-կանադական գործարար համաժողովին հայտարարեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: Նրա խոսքով` վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից ընդերքի և բնական պաշարների բնագավառում վարվող քաղաքականությունն ուղղված է բնագավառը կարգավորող իրավական դաշտի բարելավմանը եւ կատարելագործմանը, հարկային դաշտի պարզեցմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաեւ հանքարդյունաբերության ոլորտում ներդրողների համար բարենպաստ պայմանների ստեղծմա նը: «Ընդերքօգտագործման ոլորտի պետական քաղաքականությունը նպատակաուղղված է լեռնահանքարդյունաբերության զարգացմանը, օգտակար հանածոների առավել ռացիոնալ օգտագործմանը` հաշվի առնելով համաշխարհային բնապահպանական եւ սոցիալական պահանջները, նպատակ ունենալով հասնել լեռնահանքային ոլորտի դինամիկ եւ դիվերսիֆիկացված վերահսկելի գործունեության ապահովմանը»,-ասաց նախարարը: Նա նկատեց, որ Հայաստանն առանձնանում է օգտակար հանածոների բազմազանությամբ, իսկ ոչ մետաղական հանքային պաշարների հարստությամբ և բազմազանությամբ մեր երկիրն աշխարհում առաջատար տեղ է զբաղեցնում, Հայաստանում հանդիպում են հայտնի գրեթե բոլոր տեսակների հանքանյութային ապարները:
Նախարարը շեշտեց, որ կառավարությունը ձգտում է ապահովել հանքավայրերի շահագործումը էկոլոգիապես մաքուր եղանակով` ապագա սերունդների վրա լրացուցիչ բեռ չավելացնելու համար: «ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացնում է մեր երկրում օրենսդրական դաշտի բնապահպանական երաշխիքները հանքարդյունաբերության ոլորտում: Այս քայլը կօգնի ներգրավել պատասխանատու ներդրողներին, ովքեր կարևոր դեր կխաղան Հայաստանի կայուն զարգացման գործում: Մենք շահագրգռված ենք ներգրավել իրավասու օտարերկրյա հանքարդյունաբերական ընկերություններ, արդյունավետ և բնապահպանական մաքուր տեխնոլոգիաներով»,-ընդգծեց նախարարը:
Նա նշեց, որ հանքարդյունաբերական ոլորտում ներկայիս իրավիճակը չի բավարարում պետության և հասարակության կողմից ներկայացվող պահանջներին: Մասնավորապես, ծախսերի եւ եկամուտների վերաբերյալ հանքարդյունաբերական ընկերությունների եւ պետական հաշվետվության մակարդակը բարելավման կարիք ունի: «Այս նպատակով Համաշխարհային բանկի փորձագետների հետ իրականացվում են աշխատանքներ Արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնությանը (EITI) Հայաստանի անդամակցելու նպատակով: Կառավարության դիրքորոշումը այս հարցում շատ հաս տատուն է, և ամեն ջանք գործադրվելու է` հնարավորինս շուտ այս նպատակին հասնելու համար»,-ասաց Լևոն Յոլյանը:
Կարևորելով համաժողովի անցկացումը` նախարարը հույս հայտնեց, որ այն կդառնա շահագրգիռ և օգտակար քննարկումների հարթակ: Նա հավաստիացրեց մասնակիցներին, որ ի դեմս ՀՀ կառավարության նրանք ունեն հուսալի գործընկեր: