Գյումրիի անօթևանների համար բարեգործական ակցիան շարունակվում է
ОбществоԳյումրիի անօթևան 13 ընտանիքների համար հայտարարված դրամահավաք-ակցիայի արդյունքում տարբեր բարերարներ 11 բնակարան են նվիրաբերել, 2-ի համար էլ կան խոստումներ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այդ մասին տեղեկացրեց բարեգործական ծրագրի կազմակերպչակական թիմի անդամ Մաքսիմ Սարգսյանը: Հանդիպմանը պետք է մասնակցեր նաև նախագծի հեղինակ Հայկ Բարսեղյանը, ս ակայն որոշ խնդիրների պատճառով նա չկարողացավ ներկա գտնվել ասուլիսին:
Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ միջոցառումների և բանկային փոխանցումների արդյունքում կուտակվել է 11 մլն 87 հազար 415 դրամ, իսկ crowdfund կայքի միջոցով արդեն հավաքվել է 26 հազար ֆունտ ստերլինգ: «Կայքի հետ բանակցությունների արդյունքում մենք համոզեցինք նրանց երկարաձգել դրամահավաքի ժամկետը մինչև մարտի 20-ը, ինչպես նաև իջեցնել ի սկզբանե նշանակաված նվազագույն 120 հազար ֆունտ ստերլինգի շեմը` հասցնելով 27 հազարի»,- մանրամասնեց Սարգսյանը: Նրա խոսքով` հավաքվող գումարը դեռ կավելանա, քանի որ դրամահավաքը ավարտված չէ, և սպասվում են մի քանի միջոցառումներ :
Մասնավորապես` մարտի 19-ին տեղի կունենա բարեգործական աճուրդ, որի համար տարբեր հայ հայտնիներ լոտեր են տրամադրել: Նախաձեռնության կազմակերպիչները հույս ունեն այդ աճուրդի ընթացքում ևս հավաքել բավականաչափ գումար: Մաքսիմը չբացառեց արտերկրում աճուրդն իրականացնելու հավանականությունը. լոտերը բավականին թանկարժեք են, ուստի Հայաստանից դուրս այն անցկացնելու դեպքում ավելի շատ գումար հնարավոր կլինի ստանալ: Նա նաև նշեց, որ եթե հավաքվի անհրաժեշտ գումարից ավելին, ապա բնակարաններ կտրամադրվեն մի քանի այլ ընտանիքների, քանի որ ծանր պայմաններում ապր ող գյումերցի ընտանիքները միայն 13-ը չեն:
Բացի այդ, մարտի 20-ին Հյուսիսային պողոտայում կկայանա «Երևանը Գյումրիի կողքին է» խորագրով բարեգործական համերգը, որի ընթացքում ելույթ կունենան մոտ 30 հայ երգիչներ:
Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ բնակարանները գնելիս պայմանագրում կլինի համապատասխան կետ, համաձայն որի` բնակարանները վաճառել չի թույլատրվի: «Ընտանիքների համար բնակարանները գնելու գործընթացին կարող է մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի, նախագիծը թափանցիկ է, և մեր գլխավոր նպատակն է օգնել անմարդկային ծանր պայմաններում ապրող գյումրեցիներին»,- ասաց Սարգսյանը: Նա նաև հավելեց, որ Հայկ Բարսեղյանի հետ համագործակցում է Գյումրու քաղաքապետարանը, սակայն բանակցությունների արդյունքի մասին կխոսվի ավելի ուշ: