Ֆիլհարմոնիկ նվագախումբը տոնում է 90-ամյակը
КультураՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 90-ամյա հոբելյանի առթիվ հետաքրքիր միջոցառումներ կանցկացնի: ՀԱՖՆ տնօրենՌուզաննա Սիրունյանը մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում շեշտեց, որ հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է դեռևս նախորդ տարի:
«Այս տարի հոբելյանական համերգաշարի մեկնարկը տրվել է մարտի 4-ից: Միջոցառումները ներառելու են ոչ միայն համերգներ.արդեն բացվել է նվագախմբի հիմնադրման օրվանից հրատարակած գրքերի ցուցահանդես: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի նաև նվագախմբի 90-ամյակին նվիրված կոնֆերանս», Արմենպրես-ի փոխանցմամբ` նշեց Ռուզաննա Սիրունյանը:
Հոբելյանական միջոցառումներն անցկացվում են «ՀԱՖՆ-90» խորագրի ներքո` ընդգրկելով 7 համերգ, «ՀԱՖՆ-ի երախտավորները» գրքերի մեկամսյա ցուցահանդես, գիտական կոնֆերանս, այցելություն ՀԱՖՆ-ի գլխավոր դիրիժորների շիրիմներին, Արշակ Ադամյանի հուշաքարի բացում և այլն:
Մարտի 15-ին կազմակերպվելիք «ՀԱՖՆ-և հայ երաժշտական մշակույթը» գիտական կոնֆերանսը կնվիրվի նվագախմբի երախտավորներին: Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Հայաստանի կոմպոզիտորների միության և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ականավոր ներկայացուցիչներ:
Ռուզաննա Սիրունյանի խոսքով` միջոցառումների գագաթնակետն է «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային թատերականացված կատարման պրեմիերան (մարտի 29, 31): Բացի այդ, ապրիլի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «ՀԱՖՆ-90» ֆիլմի պրեմիերան, որի պատրաստմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը և «Շարմ Հոլդինգ»-ը:
Ֆիլհարմոնիկ նվագախումբը մեծ հաջողությունների է հասել ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանիջանքերի շնորհիվ, ով նվագախումբը ղեկավարում է 15 տարի: Մաեստրոն փաստում է` ուրախ է, որ իրեն պատիվ է բաժին ընկել ղեկավարելու 90-ամյա նվագախումբը:
«Իմ խնդիրն է եղել միասին հնարավորինս բարձրացնել նվագախմբի մակարդակը: Իմ միակ ձգտումն այն է, որ հասնենք աշխարհի ամենալավ նվագախմբերի մակարդակին: Մեր երկրում ամենաշատ պայմանները մեր նվագախմբի համար են ստեղծված, կա Հայաստանի նախագահի օժանդակությունը, ում շնորհակալ եմ: Նվագախմբի մակարդակը բարձր է, մենք ամեն օր շատ լուրջ աշխատում ենք»,-խոստովանեց Էդուարդ Թոփչյանը:
Նա առանձնահատուկ կարևորեց Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային թատերականացված կատարման պրեմիերան` ընդգծելով, որ այն 30 տարի Հայաստանում չի հնչել: «Ամեն բառի, ամեն տառի վրա աշխատում ենք, չափազանց նուրբ ստեղծագործություն է»,-հավելեց նա: