Երգչախմբային արվեստի սիրահարները կարող են դառնալ «Կիրակնօրյա երգչախումբ» ծրագրի մասնակից
КультураԵրաժշտական կրթություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող է մաս կազմել Հայաստանում «Կիրակնօրյա երգչախումբ» ծրագրին, որի նպատակն է մեկ հարկի տակ համախմբել երգչախմբային արվեստի սիրահարներին:
«Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից անվճար հիմունքներով իրականացվող ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր կիրակի անցկացվում են հանդիպումներ երգչախմբային արվեստի գործիչների հետ:
«Այս ծրագրի նպատակն է անցկացնել հանդիպում-քննարկումներ` երգչախմբային արվեստին հաղորդակից դարձնելով բոլոր նրանց, ովքեր ունեն երաժշտական (նաև նախնական) բարձրագույն կրթություն:
Կիրակնօրյա երգչախմբերին կարող է մասնակցել 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ, ով անտարբեր չէ այս ոլորտի հանդեպ»,- ասում է «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Քրիստինե Շերոյանը՝ հավելելով, որ ծրագիրն անցկացվում է Երևանի արվեստի, հետաքրքիր ու ինտելեկտուալ ժամանցի կենտրոններում։
«Կիրակնօրյա երգչախումբ» ծրագրի առաջին հանդիպումն անցկացվել է մարտի 6-ին, օրվա բանախոսն էր աստվածաբան, գիտությունների թեկնածու Աշխեն Գրիգորյանը, խմբավարը՝ Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի խմբավար Մարիա Գալստյանը։
Ծրագրին ներկա են լինում ոչ միայն անվանի խմբավարներ ու երաժիշտներ, այլ նաև գիտական ասպարեզի գործիչներ` ճարտարապետ, լեզվաբան, պատմաբան, գրականագետ, հոգեբան, աստղագետ, ինչպես նաև պատանիներ, որոնք մեծ սեր ունեն երգչախմբային արվեստի հանդեպ: