Ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորներին Հայաստանում օրենքով կհամարեն կարգազանց
ОбществоԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կարգազանց համարել այլոց փոխարեն քվեարկող պատգամավորներին: Օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, երբ համաձայ նեցվել է բոլոր խմբակցությունների հետ: «Ես կարծում եմ, որ այն ընդունելի է բոլորիդ համար և կոչ եմ անում երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկել այս նախագծին: Իհարկե, ես կցանկանայի, որպեսզի պատժամիջոցներն ավելի խիստ լինեին, սակայն այն, որ մենք այլոց փոխարեն քվեարկող պատգամավորներին կարգազանց ենք համարելու, դա արդեն առաջընթաց է»,- Արմենպրես-ի հաղորդմամբ՝ նշեց Փոստանջյանը:
Օրենքի նախագծի վերաբերյալ իր կարծիքն արտահայտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա առաջին հերթին կարևորեց բոլոր պատգամավորների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների աշխատանքը, ովքեր կարևորել են նախագծի քննարկումն Ազգային ժողովում անցկացնելու անհրաժեշտությունը: «Բնականաբար, մեզ բոլորիս համար գաղտնիք չէ, որ պատգամավորի գործունեությունն ուշադրության կենտրոնում է, և դա բնական է: Մենք շատ դեպքերում բողոքում ենք, որ դրականը չեն տեսնում, միայն բացասականն են տեսնում, սակայն մենք առաջնային մանդատ ունեցող պատգամավորներ ենք և բնական է, որ մեր հանրությունը շատ ավելի մանրակրկիտ է ուսումնասիրում մեր գործունեությունը: Այն, որ մենք պետք է բարեկիրթ լինենք, պետք է ձգտենք աշխատել բարեկրթության կանոններով, դրանում երկու կարծիք չկա: Ինձանից սկսած բոլորս էլ ունենք թերություններ: Ես ունեմ թերություններ նաև նիստ վարելու ընթացքում: Ես հիմա ցանկանում եմ ներողություն խնդրել իմ գործընկերներից, որ, միգուցե, չգիտակցված, պահի ազդեցության տակ զգացմունքային ելույթներ եմ ունեցել: Ես կոչ եմ անում բոլորիս այս դահլիճում աշխատենք բարեկրթության կանոններում: Մենք ոչ միայն պետ ք է կանխենք այլոց փոխարեն քվեարկելը, այլ պետք է դադարեցնենք անձերի դեմ պայքարը, փորձենք քննարկել միայն երևույթները, օրենսդրական նախաձեռնությունները, փորձենք լսել իրար: Իմ խոսքը հավասարապես վերաբերում է և իշխանության, և ընդդիմության ներկայացուցիչներին»,- հավելեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը, եզրափակելով խոսքը, նկատեց, որ պաշտպանում է ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ մյուս պատգամավորները ևս կողմ կարտահայտվեն դրան: