Հյուսիսային պողոտան նախագծելիս այդ բանաձևը չկա՞ր, որ մի ծառի տեղ չեք գծել, պարո´ն նախարար
АналитикаՆերկայիս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ով երկար տարիներ եղել է նաև Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը, այդպես էլ ձեռք չի քաշում Երևանի փոքր կենտրոնից:
Հիշեցնենք, որ նրա օրոք մայրաքաղաքի փոքր կենտրոնում ինտենսիվորեն քանդվեցին հին Երևանի շինությունները և դրանց տեղում վեր խոյացան տարբեր չափերի, ձևերի ու բովանդակության բազմահարկեր, որոնք ոչ միայն համահունչ չեն տեղի մնացած շինությունների համապատկերին, այլև շատ հաճախ այնքան տգեղ են դուրս ցցվել ընդհանուրից, որ ակամայից մտածում ես՝ եթե Թամանյանը ողջ լիներ, ինչ կասեր այս շենքերը նախագծողի մասին: Քաղաքի կենտրոնում վեր խոյացած կիսադուբայական ու կիսաարաբական ոճի տարատեսակ գույներով ապակեպատ և տձև «երկնաքերերը» պարզապես գլխապտույտ են առաջացնում: Բայց սա էլ դեռ ամենը չէ:
Քաղաքի կենտրոնում կառուցված Հյուսիսային պողոտան, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ քարանձավ հիշեցնող մի քարակերտ վայր, ոչ ավել, ոչ պակաս, դարձավ ներկայիս քաղաքաշինության նախարարի ղեկավարած արվեստանոցի «այցեքարտը»: Այն նախագծելիս ճարտարապետական խումբն ամենայն հավանականությամբ այնքան էր տարվել ամեն մի թիզ հողը գումարի վերածելով, որ մոռացել էր կանաչապատ տարածքների մասին, ինչն էլ այսօր դարձել է քաղաքի փոքր կենտրոնի մեծ հոգսը: Ու ինչքան էլ PR արվի կամ տեղի բնակարաններն այս կամ այն առիթով երգիչ-երգչուհիներին նվիրվեն, միևնույնն է, այն բավականին անդուր ու «ցուրտ» փողոց է, որն այսքան տարիների ընթացքում այդպես էլ չսիրվեց երևանցու կողմից ու նրա համար չդարձավ հարազատ վայր: Այսքանից հետո, երբ Նարեկ Սարգսյանն ընդհանրապես սկսում է խոսել Երևան քաղաքի փոքր կենտրոնի մասին, հին երևանցիները, հիշելով նրա՝ Երևանի գլխավոր ճարտարապետ աշխատելու տարիները, կրկին հերթական սթրեսի մեջ են ընկնում, քանի որ մտածում են՝ տեսնես հիմա ինչ է քանդելու, որ տեղը մեկ այլ բազմահարկ կառուցի: Ի դեպ, պրոֆեսորի կոչում ունեցող ՀՀ վաստակավոր ճարտարապետ-նախարարի կերպարն ասոցացվում է ոչ այնքան կառուցողի, այլ քանդողի հետ, ում պատկերացումները մայրաքաղաքի մասին սկսվում և ավարտվում են միայն Երևանի փոքր կենտրոնով, հակառակ դեպքում նա տարիների ընթացքում այլ վարչական շրջանների համար էլ դարակազմիկ նախագծեր կմտածեր: Նրա մուսան միայն Երևանի կենտրոնի դեպքում է արթնանում, մնացած ժամանակ քնած է:
Ի դեպ, հիշեցնենք նաև, որ ներկայիս նախարարը պատասխանատու է նաև հեռավոր մարզերի ճարտարապետաշինարարական որակի, քանակի ու նախագծերի համար նույնպես, բայց, ինչպես երևում է, Նարեկ Սարգսյանի հոգսը միայն Երևանի փոքր կենտրոնն է: Իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարի այսօրվա այն միտքը, թե Երևանի պատմական շերտերը քաղաքի հարստությունն են և դրանք պետք է պահպանել «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով համաժողովի ընթացքում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, նոր հարցադրումներ է առաջացնում: Այստեղ տեղին է հիշել ՀՀ նախագահի թևավոր դարձած «Իյա, իրո՞ք …» արտահայտությունը և նրան հարց ուղղել թե Երևանի կենտրոնն այդքան խեղճացնելուց չէիք հիշո՞ւմ, որ Երևանը, բացի փոքր կենտրոնի հողից, որտեղի քառակուսի մետրի գինն այնքան եք փչել, որ աստղաբաշխական թվերի է հասել, նաև պատմական շերտեր ու հարստություն էլ ունի: Բա դրանք քանդելուց ու ոչնչացնելուց առաջ այդ մասին չգիտեի՞ք: Եթե ոչ, ապա այստեղ էլ բոլորովին այլ բնույթի հարցեր են առաջանում, իսկ եթե գիտեիք, ապա ստացվում է, որ իմանալով գիտակցաբար և այդքան ինտենսիվ արդեն քանդել եք այդ պատմությունն ու պատմական շերտերը: Իսկ հիմա ի՞նչը պահպանելու մասին եք խոսում՝ վերջին տարիներին կառուցված նորակառույց ակվարիում շենքե՞րը, որոնք քաղաքը թուրք-արաբական «բազարի» են վերածել: Իսկ, թե ինչ բանաձևի մասին է խոսում նախարարը, որով պետք է ապագայում Երևանի փոքր կենտրոնում մշակվեն բոլոր հատակագծերը, պարզ չէ: Բա էդ բանաձևերի մասին նո՞ր եք լսել, պարո´ն նախարար:
Արմինե Գիրգորյան