Եվրամիությունը կշարունակի Հայաստանի էներգետիկ բնագավառին տրամադրվող աջակցությունը
ЭкономикаՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը մարտի 15-ին հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին։ Շնորհավորելով նախարարին պաշտոնի նշանակման կապակցությամբ՝ դեսպանը նշել է, որ Հայաստանի էներգետիկ բնագավառում համագործակցությունը, ինչին Եվրոպական Միությունը մեծ կարևորություն է տալիս, կշարունակվի։
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ Եվրամիության կողմից իրականացված ԻՆՈԳԵՅԹ ծրագրի ավարտից հետո կշարունակվի Արևելյան գործընկեր երկրներին, այդ թվում՝ Հայաստանի էներգետիկ բնագավառին տրամադրվող աջակցությունը։ Այդ նպատակով 2016թ. մարտի 17-ին Բրյուսելում կկայանա էներգետիկ ոլորտի բարձր մակարդակի համաժողով՝ Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Միության Արևելյան գործընկեր երկրների մասնակցությամբ։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լ. Յոլյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Եվրամիության կողմից Հայաստանի էներգետիկ բնագավառում ցուցաբերվող աջակցության համար։ Տարածաշրջանային համագործակցության առումով կարևորվել է հատկապես Հայաստան-Վրաստան 400 կՎտ բարձր լարման գծի կառուցումը, որին իր ներդրումն ունի Եվրամիությունը՝ NIF հիմնադրամից 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների տեսքով։
Լ. Յոլյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպական Միության հետ։