Փաստաբանների վեճը կապ չունի ՓՊ-ի հետ
Интервью«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Armenian lawers խումբը, որին անդամակցում են ոչ միայն փաստաբաններ, այլև իրավաբաններ, լրագրողներ և այլ մասնագիտություն ունեցող քաղաքացիներ, երկար ժամանակ գործել է որպես մասնագիտական հարցերի շուրջ քննարկումների գործուն հարթակ, սակայն այսօրվանից այն ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքները, որը պայմանավորված է եղել որոշ տհաճ հանգամանքներով:
«Կարծում ենք, որ այս քայլի դրդապատճառները խմբի մասնակիցների համար հասկանալի են, սակայն առանձին գրառմամբ անդրադառնալու ենք այդ խնդիրներին: Խմբի յոթնամյա գործունեության օգտակարությունը դժվար է գերագնահատել:
Այն դարձավ մի հարթակ, որտեղ խմբի մասնակիցները կիսվում էին իրավական բնույթի տեղեկություններով, գիտելիքներով, նորություններով: Խմբին անդամակցեցին հայտնի իրավաբաններ, փաստաբաններ, դատավորներ, դատախազներ, իրավական թեմաներով գրող մեր շատ հարգելի լրագրողներ, իրավական բնույթի խնդիրներով մտահոգ հասարակ քաղաքացիներ:
Խմբում օպերատիվ կերպով լուծվում էին տարբեր կարևոր հարցեր, տարբեր իրավասու անձանց կողմից տրվում էին պարզաբանումներ, իրականացվում էին օգտակար քննարկումներ»,- ասված է խմբի տարածած հայտարարության մեջ:
Orer.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ տհաճ հանգամանքներն իրականում պայմանավորված են փաստաբանների ներանձնային հարաբերություններով, որոնք իրենց տհաճ դրսևորումն են ստացել սոցիալական խմբում: Ու ելնելով այն հանգամանքից, որ փաստաբաններն իրենց գործողություններում ազատ են և կարող են սոցիալական այս կամ այն հարթակում խումբ բացել և վարել, ուստի անձերի միջև առկա վեճը կարող է տեղափոխվել նաև այդ հարթակ:
Հիմնական շարժառիթը, ըստ շրջանառվող տեղեկությունների, պայմանավորված է փաստաբան Գարիկ Գալիկյանի շուրջ ստեղծված կոնֆլիկտով, ով փետրվարի 19-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակված «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ժամանակ, հանդես գալով որպես փորձագետ, հաղորդման ժամանակ ԼԳԲՏ ներկայացուցչի մասին հայտարարել է, թե «երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու ու պետք է վառել, այո´, միշտ տրորել եմ, տրորելու եմ ու գնալու եմ տենց էլ առաջ», որի պատճառով Գ.Գալիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմել էին ՓՊ-ին:
ՓՊ-ն վարույթ էր հարուցել փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ, սակայն հարուցման որոշման մեջ վերլուծել էր ընտանիքի՝ որպես բնական բջիջի կարևորությունը, նույնասեռականների վերաբերյալ փաստաբանի քննադատական կարծիք ունենալը հարգելու հնարավորությունը: ՓՊ-ի այս որոշումը դժգոհության առիթ էր դարձել ԼԳԲՏ ներկայացուցիչների համար:
Հավանաբար, այս հարցի վերաբերյալ փաստաբանների պահպանողական դիրքորոշումներն էլ դարձել են սոցիալական այս խմբում առաջացած հիմնական կոնֆլիկտի պատճառ: ՓՊ մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանը, Orer.am-ին հարցին ի պատասխան, ասաց, որ չնայած, որ Armenian lawyers խումբը բացված է եղել և վարվել է նաև փաստաբանի կողմից, սակայն որևէ առնչություն չունի Փաստաբանների պալատի հետ:
«Այդ խմբի կառավարիչներից մեկը փաստաբան է, մյուսը փաստաբան չէ և իրենց որոշումների կամ ծրագրերի հետ Փաստաբանների պալատը որևէ կապ չունի, ուստի այդ խմբին, դրա ժամանակավոր կամ մշտական կասեցմանն առնչվող՝ Պալատին վերագրվող բոլոր տեղեկությունները, որոնք մինչ այս պահը շրջանառվել և շարունակելու են քննարկվել մամուլում, չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Ծովինար Խաչատրյանը:
Արմինե Գրիգորյան