ՏՄՊՊՀ-ն մեծ ծավալի աշխատանք է կատարել գերիշխող դիրքի չարաշահման դեպքերի բացահայտման առումով
ЭкономикаԱզգային ժողովը քննարկում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016թ. տարեկան զեկույցը: Հիմնական զեկուցող ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նախ ընդգծեց, որ ծրագիրը հիմնականում բաղկացած է երեք բաժիններից:
«Առաջինը մրցակցային իրավիճակի վերլուծությունն է, երկրորդը՝ ձեռնարկվելիք միջոցառումները և երրորդը՝ մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկները: Առաջին բաժնում ներկայացված են մեր կողմից կատարաված աշխատանքները: Բավականին մեծ ծավալի աշխատանք է իրականացվել գերիշխող դիքրի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ուղղությամբ»,- նշեց Շաբոյանը:
Նրա խոսքով՝ ուշագրավ է հատկապես երկաթուղային տրանսպորտի ոլորտում կատարված ուսումնասիրության արդյունքը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը երկաթուղային տրանսպորտի ոլորտում մենաշնորհային դիրք ունի: Մենք ուսումնասիրել ենք նրա գործունեությունը, որի ընթացքում պարզել ենք, որ ընկերությունը բարձրացրել է բեռնափոխադրման սակագները, և սա կարող է համարվել գերիշխող դիրքի չարաշահում: Այնուհանդերձ, ընկերությունը ներկայացնում է այն փաստարկը, որ այս պահի դրությամբ աշխատում է մեծ վնասներով: Ընկերությունը պարզաբանում է, որ սակագները բարձրացնում է վնասները մեղմելու նպատակով: Հանձնաժողովն ուսումնասիրել է վնասների գոյացման պատճառները, որքան են դրանք հիմնավոր: Մենք պարզել ենք, որ խոշոր վնասները ձևավորում են հիմնականում այն պատճառով, որ ընկերությունը մեծ ծավալի ներդրումներ է իրականացնում, որոնք նախատեսված են կոնցեսիոն համաձայնագրերով: Դրանք ծախսեր են ավելացնում, սակայն եկամուտներ չեն ապահովում, որի հետևանքով վնասներ են կուտակվում: Մենք մանրամասնորեն ուսումնասիրել ենք վնասները և պարզել ենք, որ ընկերությունը չի պահպանում գնումների մասին օրենսդրության պահանջները: Մենք բացահայտել ենք նաև, որ ներդրումների ներկայացումն ուռճացված է, նրանք շատ դեպքերում այնպիսի ծախսեր են ներկայացնում ներդրումների մեջ, որոնք տնտեսագիտորեն չեն կարող ներդրում համարվել: Եթե անգամ գնումների օրենսդրության պահանջները պահպանվում են, ապա դրանք ձևական բնույթ են կրում: Լինում են դեպքեր, երբ ընկերությունը հաղթող է ճանաչում մատակարար ընկերությունների, որոնք ավելի բարձր գներով են իրականացնում մատակարարում: Մենք համապատասխան քայլեր ձեռնարկել ենք ընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- «Արմենպրես&raq uo;-ի հաղորդմամբ՝ նշեց Շաբոյանը:
Նա հավելեց, որ հանձնաժողովը գերիշխող դիրքի չարաշահումներ է բացահայտել նաև ծխախոտի ոլորտում: «Այս դեպքում նույնպես կիրառվել են համապատասխան պատասխանատվության միջոցներ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:
Նրա խոսքով՝ ուշագրավ է հատկապես հակամրցակցային համաձայնությունների բացահայտումը կրթության ոլորտում: «Մենք ուսումնասիրել ենք 511 մրցույթներ և բացահայտել ենք, որ կան տնտեսվարողներ, որ մրցույթներից առաջ պայմանավորվում են, համաձայնության են գալիս, շուկան բաժանում են, կիսում են իրար մեջ և հակամրցակցային գործողություններ են իրականացնում: Սակայն պետք է նաև նշեմ, որ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն նաև պետական մարմինները: Մասնավորապես, մրցույթները ավելի քիչ թափանցիկ ու քիչ հրապարակային անցկացնելու միջոցով բարենպաստ պայմաններ են ստեղծում տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների համար: Այն տնտեսվարողները, որոնք իրականացրել են հակամրցակցային գործողություններ, ենթարկվել են պատասխանատվության: Իսկ մնացած բացահայտված խնդիրների մասով մենք ուղարկել ենք համապատաախան պետական մարմիններին»,- եզրափակեց Շաբոյանը: