Տոկիոն հրաժարվում է Պուտինին արված Ճապոնիա այցելելու հրավերից
Международные новостиՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն որոշել է հետաձգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ճապոնիա, որը նախատեսված էր այս տարվա աշնանը, ուստի այժմ քաղաքական գործչի պետական այցը կտեղափոխվի 2015 թվականի գարուն կամ էլ ավելի ուշ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը:
Ըստ նրա տվյալների՝ Վաշինգտոնը խնդրել է Տոկիոյին՝ ուկրաինական ճգնաժամի պայմաններում Արևմուտքի հետ Մոսկվայի հարաբերությունների սրվելու կապակցությամբ հետաձգել Պուտինի այցը: Այդուամենայնիվ, Աբեն և Պուտինը մտադիր են բանակցություններ վարել Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության նոյեմբերյան գագաթնաժողովի շրջանակներում:
Ճապոնիան, հետևելով Եվրամիությանը և ԱՄՆ-ին, մոտ ժամանակներս կարող է պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել Ռուսաստանի դեմ:
Աբեն տակավին 2013 թվականի ապրիլին Պուտինին առաջարկել էր այցելել Ճապոնիա: Ինն ամիս անց ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել էր, որ հրավերն ընդունված է: