Մասնագետները քննարկել են հոգեկան խնդիրներով հիվանդներին «Զիպրեքսա» դեղն անվճար տրամադրելու հարցը
ОбществоՀոգեկան առողջության խնդիրներ ունեցող մի խումբ անձանց և նրանց հարազատների բարձրացրած` «Զիպրեքսա» հոգեմետ դեղով անվճար ապահովելու մասին հարցը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այս անգամ քննարկվել է շահառուների, ինչպես նաև առաջատար հոգեբույժների, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նշվել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին և նրանց հարազատներին մտահոգող հարցը քննարկվել է մասնագետների հետ։ Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ նրանք լրացուցիչ ուսումնասիրություններ են կատարել։ Առաջարկվել է խնդիրը քննարկել հոգեբույժների ավելի լայն շրջանակում և տալ մասնագիտական կարծիք։
Նշվել է, որ նախարարության խնդիրն է բնակչությանն արդյունավետ և որակյալ դեղերով ապահովելը։ Միաժամանակ գործող օրենսդրությունը դեղերի ձեռքբերման հստակ պայմաններ է թելադրում։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հիվանդներն ստանան որակյալ դեղեր»,-ասաց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ դեղի ձեռքբերման գործում առաջնային են ոչ միայն դրա գինը, այլև դեղատնտեսագիտական արդյունքները։ Սակայն դրանք կիրառել հնարավոր է միայն օրենսդրական փոփոխություններ կատարելուց հետո, ինչը կարճ ժամանակում հնարավոր չէ իրականացնել։
Նախարարը հիվանդներին ու նրանց հարազատներին հորդորել է մինչև հարցի լուծումը չընդհատել բուժումը և Ավանի հոգեբուժական կենտրոնում մասնագետների խորհրդատվությամբ ստանալ փոխարինող դեղամիջոցներ։ Միաժամանակ հոգեբույժներին հանձնարարվել է անհատական մոտեցում ցուցաբերել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ։