Կառավարությունը փոփոխություն կատարեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրում
Экономика«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում իրականացվեցին մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքների ներգրավել ծրագրում, ովքեր ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, ինչը կարող է նպաստել ժողովրդագրական խնդիրների լուծմանը։ Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այդ մասին գործադիրի նիստում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որփոփոխություններով ավելացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը՝ երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն, և ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի փոխարեն:
«Ավելացվել է ծրագրի ներքո ձեռք բերվող բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես, սահմանելով այն 25 մլն դրամ ներկայիս 16 մլն դրամի փոխարեն, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն»,- ասաց Հարությունյանը:
Ավելացվել է նաև ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես, սահմանելով այն 17,5 մլն դրամ՝ ներկայիս 11,2 միլիոնի փոխարեն:
Հարությունյանի խոսքով՝ Երևանում ևս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը` նախկին 20-30 տոկոսի դիմաց:
Ծրագրի շրջանակում պետությունը սուբսիդավորում է երիտասարդ ընտանիքի բնակարանի ձեռք բերման վարկի տոկոսդրույքը, ինչի արդյունքում Երևանում բնակարանների համար վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 8-9 տոկոս, իսկ մարզերում` 6-7:
«Իրոք, լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջանում պետության վրա, բայց մենք պատրաստ ենք այս լավ ծրագրի համար այդ ֆինանսական բեռը վերցնել մեզ վրա»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: