Հայաստան բենզինի ներկրման ոլորտում մուտքի խոչընդոտներ չկան. Արտակ Շաբոյան
ЭкономикаՀայաստանում և Վրաստանում բենզինի գների տարբերությունը պայմանավորված է երեք գործոնով:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցումՀՀ տնտեսական մրցակցությանպաշտպանության պետականհանձնաժողովի նախագահ ԱրտակՇաբոյանը ներկայացրեց այդ գործոնները.«Առաջինը պայմանավորված է վրացական երկաթուղու կողմից գանձվող բարձր բեռնափոխադրման սակագներով: Երկրորդ գործոնը հարկային քաղաքականությունն է: Հայաստանի և Վրաստանի հարկային քաղաքականության միջև կան որոշակի տարբերություններ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետություն մեկ լիտր բենզին ներմուծելու համար ավելի շատ ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ է գանձվում, քան Վրաստանում: Երրորդ գործոնը պայմանավորված է Վրաստանում ձեռքբերման գների որոշակի նվազմամբ, ինչն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանը վերջին ժամանակահատվածում համեմատաբար ավելի էժան գներով բենզին է ներկրում Ադրբեջանից և Թուրքմենստանից»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ պարզաբանեց Շաբոյանը:
Հարցին, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որևէ կերպ ազդեցություն չի՞ ունեցել բենզինի գների վրա, Շաբոյանը պատասխանեց. «Բնականաբար, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը իր ազդեցությունն ունեցել է, ինչի արդյունքում մենք ունենք ներկայումս ձևավորված գնագոյացումը: Ճիշտ է, ձեռքբերման գները տնտեսավարողների համար շատ կարևոր նշանակություն ունեն, սակայն նաև տնտեսավարողների բիզնես որոշումների վրա կարող են նշանակություն ունենալ նաև այլ գործոններ: Բնականաբար, ես չեմ կարող մեկնաբանել տնտեսավարողների բիզնես որոշումները՝ ինչպես են իրենք որոշում: Սակայն որպես տնտեսագետ կարող եմ ասել, որ գներից բացի որոշ այլ գործոններ էլ կարող են ազդեցություն ունենալ տնտեսավարողների որոշումների վրա: Օրինակ՝ շատ կարևոր են մատակարարման պայմանները: Ըստ իմ ռուս գործընկերների ներկայացրած տեղեկատվության՝ բենզին մատակարարող ռուսական ընկերությունները մատակարարման անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով Վրաստանում գտնվող իրենց պահեստարաններում մի քանի ամսվա բենզինի պաշարներ են պահում»,- հավելեց Արտակ Շաբոյանը:
ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստան բենզինի ներկրման ոլորտում մուտքի խոչընդոտներ չկան: Շաբոյանը վստահեցրեց, որ ցանկացած տնտեսավարող, ով կցանկանա այդ գործունեությամբ զբաղվել, ներմուծել առավել շահավետ պայմաններով, կարող է առանց խոչընդոտների իրականացնել:
Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ մեթոդներով են ստուգել ու հասկացել, որ չկան մուտքի խոչընդոտներ, Արտակ Շաբոյանն ասաց. «Մեր ուսումնասիրության արդյունքներով ենք պարզել, մենք տեղեկատվություն ենք պահանջել, համալիր ուսումնասիրություն ենք անցկացրել: Ես չեմ կարող ձեզ ամբողջությամբ ներկայացնել մեր գործունեության ողջ մեթոդաբանությունը: Ես ձեզ հրավիրում եմ հանձնաժողով, որտեղ դուք կկարողանաք ծանոթանալ մեր աշխատանքի մեթոդաբանությանը»:
Արտակ Շաբոյանը չհամաձայնեց հնչող տեսակետի հետ, թե ռուսական «Ռոսնեֆթ» ընկերությունը բարձր գներով է Հայաստանին բենզին տալիս: Նրա խոսքով՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Ռոսնեֆթ»-ը հենց ամենաէժան բենզինն է տալիս: «Մենք երեք ընկերություններից ենք բենզին ներկրում և ամենաէժանը հենց «Ռոսնեվթ»-ից ենք ստանում: Մենք բենզին ներմուծում ենք «Ռոսնեֆթ»-ից, «Լուկոյլ»-ից և բուլղարական «Նորթորմ» ընկերությունից: Եվ, երբ մենք համեմատում ենք ձեռքբերման գները, տեսնում ենք, որ ամենաէժանը հենց «Ռոսնեֆթ»-ից ենք ձեռք բերել»,- եզրափակեց Շաբոյանը: