Լիլիթ Բլեյանը համերգ կունենա Ա. Սարգսյանի և Հ. Կոջոյանի տուն-թանգարանում
КультураԵրգերի հեղինակ, երգչուհի Լիլիթ Բլեյանը մարտի 18-ին Ա. Սարգսյանի և Հ. Կոջոյանի տուն-թանգարանում համերգ կունենա:
Երգչուհին տեղեկացրեց, որ համերգն իր առջև կարևոր խնդիր է դրել:
«Համերգի նպատակներից է ավելի շատ ուշադրություն գրավել դեպի այն վայրերը, որոնք շատ հայտնի չեն: Այս անգամ առիթն իմ համերգն է, կազմակերպիչները դիմեցին, ես համաձայնեցի: Իմ ծրագիրն եմ ներկայացնելու, որտեղ հեղինակային երգերս են, նաև երգեր, որոնք փոխադրել եմ ֆրանսերենից հայերենի: Մի քանի անգամ ներկայացրել եմ, կարծես թե սիրվեցին հանդիսատեսի կողմից: Անկեղծ ասած առաջին անգամ այս համերգի առթիվ եղա թանգարանում, շատ ուրախացա, որ պահպանվել է: Կարող էր վաղուց ուրիշ բանի վերածված լինել»,-շեշտեց Լիլիթ Բլեյանը:
Երգչուհին փաստում է, որ կան այլ թանգարաններ, որոնք այցելուների կողմից ճանաչված չեն:
«Հետագայում թանգարանի սրահում էլի են համերգներ լինելու: Թանգարանը շատ պասիվ է այցելուների տեսանկյունից և ուշադրության կարիք լինի: Ես շատ կուզենամ, որ համերգն առիթ լինի, որ աշխուժանան այցելությունները»,-հավելեց նա` հույս հայտնելով, որ հետագայում մեկ այլ հետաքրքիր մշակութային միջավայրում էլ կցանկանա համերգ ունենալ:
Համերգին մասնակցում են նաև Տիգրան Տեր-Ստեփանյանը (կիթառ) և Անժելա Սարգսյանը (թավջութակ):