Հոկտեմբերի 3-5-ը Երևան էքոպո կենտրոնում տեղի է ունենալու «ԴիջիԹեք էքսպո 2014» ցուցահանդեսը: Պարզվում է միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կա առնվազն 2000 մասնագետի կարիք: «ԴիջիԹեք էքսպո 2014»-ի, աշխատատեղեր չապահովելու և այլ խնդիրների մասին ORER.am-ը զրուցեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ: Դիտարկմանը, թե միայն ՏՏ ոլորտում 2000 աշխատատեղերի պակասը գուցե վկայում է կրթության ցածր որակի մասին՝ Կարեն Վարդանյանը չհամաձայնեց, ասելով, որ դա զուտ մշակութային խնդիր է. «Մշակությաին խնդիր է: Աշխատատեղերի առկայությունը պայմանավորված է դրսի մեծ պահանջով: Օրինակ, ԱՄՆ-ն այդ ոլորտում մի քանի միլիոն աշխատողի պահանջարկ ունի մինչև 2020 թվականը: Աշխարհում ընդհանրապես ինժեներների պահանջարկ կա, և դա բերում է նրան, որ հայկական շուկայում ևս պահանջարկ է առաջանում» : Հարցին, թե գուցե պահանջվող չափանիշնե՞րն են բարձր, Կարեն Վարդանյանը պատասխանեց. «Ո՛չ: Կա մարդ՝ գիրք է կարդում, ով սիրում է իր մասնագիտթյունը: Մենք մշակութային պատճառներով չենք կարող բավարարել այդ պահանջարկը: Պարզ է, որ լացկան մարդը, որ ասում է` երկիրը երկիր չէ և այլն, ինքը համապատասխանաբար իր մասնագիտական հարցով չի զբաղվում, բնականաբար աշխատանք էլ չի գտնում: Եթե մարդ օրական 30 էջ իր մասնագիտական գրականությունն է կարդում, նա կարող է որակ ապահովել»: Կարեն Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ «ԴիջիԹեք էքսպո 2014» ցուցահանդեսին կմասնակցի 120-130 ընկերություն, իսկ ցուցահանդեսում ներառված են ինժեներություն, հեռահաղորդակցություն, ծրագրավորում, բիզնես լուծումներ, կրթության կառավարում և այլ բաժիններ: