Սիբիրում հավատարիմ շունը 1 տարուց ավելի ճանապարհի եզրին սպասում է մահացած տիրոջը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Շատերը կփաստեն, որ մարդու լավագույն ընկերը շունն է, որը բացառիկ հավատարմություն է պահպանում իր տիրոջ նկատմամբ։
Սակայն ցրտաշունչ Սիբիրում բնակվող մի շուն «հավատարմություն» ասվածը հանել է լիովին նոր, ավելի բարձր մակարդակի` ճանապարհի եզրին 1 տարուց ավելի համբերատար սպասելով իր մահացած տիրոջը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դիմանալով զրոյից ցածր ջերմաստիճանին ու ցրտաշունչ քամիներին` այս շունը չի հեռանում այն ճանապարհից, որտեղ ողբերգական ավտովթարի հետևանքով 2014թ. աշնանը զոհվել է իր տերը:
Արդյունքում՝ շունը ստացել է «Սիբիրյան Հատիկո» մականունը` ի պատիվ ճապոնական Ակիտա շան, որը 10 տարի շարունակ գնացքի նույն կայարանում սպասել է վաղուց մահացած իր տիրոջը:
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները պատմել են, որ մի քանի անգամ փորձել են բռնել շանն ու ապահով վայր տանել, սակայն կենդանին փախել է, իսկ հետո նորից վերադարձել ավտովթարի վայրը:
Այժմ նրանք պարբերաբար սնունդ են բերում ու թողնում ճանապարհի այն հատվածի մոտ, որտեղ իր տիրոջ վերադարձին անտրտունջ սպասում է հավատարիմ չորքոտանին:


