Տոկիոյում Հայկական մշակույթի օրերի շրջանակում համերգով հանդես կգա Արաքս Մանսուրյանը
КультураՏոկիոյի «Դայկանյամա Հիլսայդ տերաս» սրահների համալիրում մարտի 22-ին կմեկնարկի Հայկական մշակույթի շաբաթը, որի նպատակն է մշակութային կամուրջ հաստատել Հայաստանի և Ճապոնիայի միջև։
Ինչպես փոխանցում է «Հայերն այսօր»-ը, այս մասին տեղեկացրել է Ճապոնիայում ՀՀ դեսպանի օգնական Մոնիկա Սիմոնյանը:
Մշակույթի շաբաթվա ընթացքում ցուցադրվելու են երիտասարդ ճապոնացի արվեստագետ Մակոտո Մաեդայի և հայազգի դիզայներ, նկարիչ Արև Պետրոսյանի աշխատանքները։ Ճապոնիայի «Շոգակայ» միությունը ներկայացնելու է հայաստանյան մոտիվներով ճապոնական գեղագրության արվեստը, մեկ առանձին սրահ նվիրվելու է հայկական խաչքարերի լուսանկարների ցուցադրությանն ու պատմությանը։ Գործելու է նաև Սերգեյ Փարաջանովի կյանքի և աշխատանքների մասին պատմող անկյուն։
Մարտի 24-ին, 26-ին և 27-ին անցկացվելու է հայ երաժշտության փառատոն, որի ընթացքում տեղի է ունենալու սոպրանո Արաքս Մանսուրյանի մենահամերգը՝ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ։ Ծրագրված են նաև հայ և ճապոնացի երաժիշտների համատեղ համերգներ, որոնց ընթացքում կհնչեն հայ դասական ստեղծագործություններ։ Հայ դասական երաժշտության ներքո կներկայացվի նաև ճապոնական սուսերապար։
Մարտի 26-ին և 27-ին տեղի կունենան հայկական և ճապոնական կաճամետրաժ ֆիլմերի երեկոներ։
Մշակույթի շաբաթը կազմակերպվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպանության ջանքերով, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), համայնքային կառույցների, «Կոմիտաս» միության, «Գալերի Գինզա Իչոմե» և այլ ընկերությունների աջակցությամբ։
Մշակույթի շաբաթվա ընթացքում կկազմակերպվի նաև ընդունելություն, որի ընթացքում հյուրերը կարող են համտեսել հայկական ավանդական ուտեստներ և խմիչք։ Հայկական գյուղատնտեսական մթերքը առանձին տաղավարում այցելուներին կներկայացնի JICA գործակալության աջակցությամբ Հայաստանում «One village one product» ծրագիրն իրականացնող ճապոնական ընկերությունը։