Հայաստանի հետ սերտ կապերի ամրապնդումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Ֆրենկ Փալոուն
ЭкономикаՀայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կոնգրեսում Հայկական հարցերով խմբի ներկայացուցիչներ դեմոկրատներ Ֆրենկ Փալոունի, Դեվիդ Սիսիլինիի, Թոնի Կարդենասի և հանրապետականներ Ռոբերտ Դոլդի ու Դեվիդ Վալադաոյի հետ:
Ինչպես հաղորդում է asbarez.com-ը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայն ման հնարավորությունները, մասնավորապես զբոսաշրջության ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճին, ինչպես նաև հումանիտար օժանդակության տրամադրման հնարավորություններին:
«Հայաստանի հետ սերտ կապերի ամրապնդումը կարևոր է մեզ համար: Այս առումով մենք պետք է ուժեղացնենք մեր դիվանագիտությունը ԱՄՆ շարունակական աջակցության և ներգրավվածության միջոցով: Հաշվի առնելով նաև վերջին զարգացումները` ամերիկյան աջակցությունը տարածաշրջանում հատկապես կարևոր է դառնում»,- հանդիպման ավարտին ասել է կոնգրեսական Փալոունը:
Կոնգրեսական Դոլդն էլ շեշտել է, որ դեսպան Միլսի հետ հանդիպումը հնարավորություն է ընձեռել ԱՄՆ օրենսդիրներին առավել լավ ծանոթանալ այն աջակցությանը, որ ԱՄՆ տրամադրում է Հայաստանին և փորձել ուրվագծել դրա հեռանկարները:
«Հուսամ, որ հետագայում էլ Կոնգրեսում Հայկական հարցերի խումբը կաշխատի դեսպանի հետ` Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում հետագա դրական քայլերի ձեռնարկման առումով»,- ընդգծել է Ռոբերտ Դոլդը: