Moody's-ն իջեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1
ЭкономикаՄիջազգային վարկանիշավորող Moody’s Investor Service գործակալությունն իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, կանխատեսումը բացասականից փոխվել է կայունի:
Ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը Moody’s-ն իջեցրել է Ba1-ից Ba2-ի, արտարժույթով երկարաժամկետ ավանդների առաստաղը` B1-ից B2-ի: Միաժամանակ արտարժույթով պարտատոմսերի և կարճաժամկետ ավանդների առաստաղը մնացել է անփոփոխ` Ba2/NP:
Որպես փոփոխությունների հիմնական դրդապատճառներ նշվում են Հայաստանի արտաքին խոցելիության մեծացումը` պայմանավորված Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար անորոշ հեռանկարը, փոխարժեքի փոփոխությունների նկատմամբ գերզգայունության մեծացումը և արտարժույթի պահուստների վրա սպասվող ճնշումը:
Գործակալությունը նաև շեշտում է, որ Հայաստանի տնտեսական աճի համար հավելյալ ռիսկեր է ստեղծում նաև աշխարհաքաղաքական իրավիճակը` պայմանավորված, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: