Սուպերմարկետում հին աղցանը խառնել են նորի հետ և վաճառել
Հայաստանի սուպերմարկետներում և տարբեր խանութներում վաճառվող աղցանների վրա պատրաստման ժամկետ նշված չէ, ինչն անթույլատրելի է, քանի որ ժամկետանց աղցանը շատ վտանգավոր կարող է լինել առողջության համար: Այս մասին սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: «Այսօր որևէ սուպերմարկետում չեք տեսնի աղցան, որի վրա նշված լինի պատրաստման և պիտանելիության ժամկետը: Դուք գիտեք, որ աղցանի ժամկետը սառնարանային պայմաններում մաքսիմում 24 ժամ է, իսկ վաճառվող աղցանների վրա ժամկետ չի նշվում: Այսինքն, նրանք կարող են երեկվա պատրաստված հին աղցանը խառնել նորի հետ և վաճառել մարդկանց, իսկ դա կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար և տարբեր հետևանքներ ունենալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ հին աղցանները նորի հետ խառնելու եղանակով մշտապես աշխատում էր «Սթար» սուպերմարկետը, որն արդեն փակվել է: «Մենք շատ հաճախ էինք այդ հարցով զրուցում այդ սուպերմարկետի գործադիր տնօրենի հետ, կարողացանք ինչ-որ չափով կարգավորել, սակայն նրանք փակվեցին. Երևի այդպես ավելի լավ եղավ ազգաբնակչության համար»,- ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը:
Մելիտա Հակոբյանը կարևորեց նաև աղցանի վրա դրա բաղադրությունը նշելու հանգամանքը, քանի որ կան մարդիկ, որ կարող են չնախընտրել այս կամ այն բանջարեղենը կամ այլ կոմպոնենտը, որն առկա է աղցանի մեջ: Նա նկատեց, որ շատ հաճախ աղցանների մեջ կծու են գցում և վրան չեն նշում, ինչը նույնպես անընդունելի է:
Հակոբյանը նշեց, որ իրենք պատրաստվում են այս հարցով դիմել կառավարությանը, որպեսզի բոլոր խանութներին պարտադրվի աղցանների վրա նշել պատրաստման ժամկետը և բաղադրությունը՝ ավելորդ խնդիրներից և անցանկալի հետևանքներից խուսափելու համար:
Մելիտա Հակոբյանն անդրադարձավ նաև սուպերմարկետներում վաճառվող հրուշակեղենին՝ ընդգծելով, որ նույն խնդիրը կա նաև հրուշակեղենի պարագայում: «Սուպերմարկետներում և խանութներում վաճառվող հրուշակեղենի մեծ մասի վրա էլ չկա պիտանելիության և արտադրության ժամկետի մասին մակնշում: Վաճառվում են տարբեր տեսակի տորթեր և խմորեղեններ, որոնց ծագումն անհայտ է, որոնց արտադրողը լիցենզիա չունի: Մենք պայքարել ենք այս երևույթի դեմ, ինչ-որ արդյունքների հասել ենք, սակայն խնդիրները դեռևս շատ են»,- ասաց նա:
Սպառողների ասոցիացիայի նախագահը պատմեց, որ իրենք մի հրուշակեղենի վերաբերյալ բողոք են ստացել, գնացել են արտադրողների կողմից նշված հասցեով, սակայն չեն գտել, քանի որ նրանց տրամադրած տվյալները արտադրության վայրի վերաբերյալ կեղծ են եղել: