Ալեքսանդր Սիրունյանը` Փաստաբանների պալատի վերջին նիստից հետո հրապարակված լուսանկարի մասին
Интервью2015թ. դեկտեմբերի 7-ին փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել, որի համար հիմք էր հանդիսացել 2015թ. նոյեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպը:
Խնդիրն այն է, որ կարգապահական գործով մեկ այլ խորհրդի նիստի ժամանակ տարաձայնություններ են առաջացել խորհրդի անդամ Մարտուն Փանոսյանի և փաստաբան Լուսինե Սահակյանի միջև, որի ժամանակ, Մ.Փանոսյանի պնդմամբ, Լուսինե Սահակյանը խորհրդի հասցեին հնչեցրել է «էս ովքե՞ր են սրանք, արա» արտահայտությունը:
Մարտի 17-ին Լուսինե Սահակյանի նկատմամբ հարուցված Փաստաբանների խորհրդի նիստի ժամանակ միջադեպի 3 վկաներից փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նիստի օրը հայտնել էր, որ Լուսինե Սահակյանից «էս ովքե՞ր են սրանք, արա» արտահայտությունը չի լսել:
Նիստից հետո Orer.am-ի տեսադաշտում հայտնվեց փաստաբան Գևորգ Մարտիրոսյանի կողմից Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակված մի լուսանկար, հետևյալ մեկնաբանությամբ, «Լավ ա, որ 30.11.2015թ. նիստը նայելու ժամանակ PrtSc-ով ֆոտո արեցի։ Պարզ երևում է, որ Լուսինե Սահակյանը նստած է Մարտունի հարևանությամբ։
Մեր գործընկեր, գործով վկա Ալեքսանդր Սիրունյանն ու Լուսինե Սահակյանը 17.03.2016թ. նիստի ժամանակ ասացին, որ Մարտունը լրիվ ուրիշ տեղում էր նստած։ Դա, հավանաբար, ասվում էր նրա համար, որ Մարտունը չէր կարող լսել Լուսինեի ասած «էս ո՞վ են, արա» բառերը։ Ֆրանկոֆոն Գևորգ Մարտիրոսյան»:
Մեկնաբանելով փաստաբան Գևորգ Մարտիրոսյանի գրառումը՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն Orer.am-ին ասաց. «Ես չգիտեմ, թե այդ լուսանկարը որտեղից է: Համոզված եմ, որ դա նույնիսկ այդ օրվա լուսանկարը չի լինի:
Կրկնում եմ և կարող եմ ևս մի քանի անգամ կրկնել, որ նման բան Լուսինե Սահակյանը այդ օրը չի արել»:
Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի խորհուրդը, սակայն որոշում է կայացրել փաստաբան Լուսինե Սահակյանին մեղավոր ճանաչել փաստաբանի վարքագծի կանոնագրքի թիվ 5.2.1 ենթակետի պահանջների խախտման համար և նրա նկատմամաբ կիրառել է կարգապահական տույժ՝ նկատողություն:
Բացի այդ, որպես լրացուցիչ կարգապահական տույժ Լ. Սահակյանն իր հաշվին 6 ամսվա ընթացքում պետք է մասնակցի դեոնթոլոգիա թեմայով լրացուցիչ վերապատրաստման դասընթացների:
Արմինե Գրիգորյան