Կառավարությունը դեմ է մարտի 1-ը որպես բողոքի օր նշելու օրենսդրական նախաձեռնությանը
ОбществоՀՀ կառավարությունը բացասական եզրակացությամբ մարտի 24-ի նիստի օրակարգում է ներառել մարտի 1-ը որպես 2008 թվականի նույն օրվա զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր նշելու մասին նախագիծ: Արմենպրեսի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրչյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը:
Կառավարությունը հարկ է համարում նկատի ունենալ օրենքի դրույթները, որոնց համաձայն նշվում են տոները և հիշատակի օրերը, ընդ որում, որպես հիշատակի օրեր նշվում են՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, բռնադատվածների հիշատակի օրը, երկրաշարժի զոհերի հիշատակի օրը: Մինչդեռ, ըստ գործադիրի, նախագծով նախատեսվող կարգավորումները բովանդակային առումով չեն համապատասխանում օրենքի դրույթներին:
«Հարկ ենք համարում նշել, որ նախագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա: Մասնավորապես՝ նախագծի հիմնավորման համաձայն «թեև ֆորմալ առումով շարունակվում է մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության դրանցով վարույթը կասեցված է և հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ փաստորեն չեն կատարվում»: Այսինքն՝ նախագիծը քաղաքական գնահատական է տալիս իշխանությունների, դրա առանձին մարմինների աշխատանքին և արդյունքում առա ջարկում է իրավական լուծում, որը սկզբունքորեն չի համապատասխանում այն օրենքի տրամաբանությանը, որում առաջարկվում է փոփոխություն կատարել»,- ասված է կառավարության եզրակացության մեջ: