Թբիլիսիի հայկական թատրոնի բեմելը Երևանում` մարտի 25-ին
Культура«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում հանդես կգա Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնը:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրին Հայաստանի թատերական գործիչների միությունից: Մարտի 25-ին թատրոնը կներկայանա «Սովորական պատմություն» ներկայացումով, որի բեմադրությունն իրականացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:
«Սովորական պատմություն» ներկայացումը բեմադրվել է ըստ ուկրաինացի դրամատուրգ Մարիա Լադոյի պիեսի: Ողբերգության գործող անձինք ինչպես մարդիկ են, այնպես էլ կենդանիները՝ ձին, կովը, աքլորը, շունը և խոզը: Ներկայացման մեջ ցույց է տրված կյանքը կենդանիների աչքերով, ինչը հանդիսատեսին հնարավորություն է տալիս այլ կերպ նայել սովորական հարցերին: Գործողությունը տեղի է ունենում մեր ժամանակ: Ներկայացման բովանդակությունը սովորական է: Երիտասարդ տղան և աղջիկը սիրում են միմյանց, նրանք երեխա են ունենալու, սակայն նրանց ծնողների միջև թշնամություն կա: Աղջկա հայրը պահանջում է, որպեսզի իր դուստրը ազատվի երեխայից: Զարմանքով են նայում կենդանիները իրենց տերերին, որովհետև իրենց բնությամբ կենդանիները մաքուր հոգի ունեն, նրանց համար խորթ է նախանձը, ագահությունը, դավաճանությունը: Կենդանիները որոշում են թույլ չտալ մարդկանց մեղք գործել, նրանք ուզում են փրկել երեխային և պատրաստ են դրա համար մեռնել:
««Սովորական պատմություն» ներկայացումը «Արտավազդ-2016» մրցանակի հավակնորդների թվում է մի քանի անվանակարգում՝ «Լավագույն կին դերակատար» (Նանո Պողոսյան), «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» (Սնեժանա Յագուբովա), «Լավագույն տղամարդ դերակատար» (Գագիկ Մելքումյան), «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» (Նարեկ Բայանդուրյան), «Լավագույն սցենոգրաֆիա» (Մալխազ Իոբաշվիլի), «Լավագույն երիտասարդ դերասանուհի» (Գլորիա Գևորգյան), «Լավագույն երիտասարդ դերասան» (Էդուարդ Մուրադյան), «Լավա գույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն ներկայացում»,-տեղեկացրին Հայաստանի թատերական գործիչների միությունից:
Ներկայացման առաջնախաղը կայացել է 2015-ի նոյեմբերի 9-ին՝ Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում:
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնը Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն է: Հիմնադրման օրվանից թատրոնը մեծ դեր է խաղացել Թբիլիսիի հայերի մշակութային կյանքում` միաժամանակ հանդիսանալով յուրահատուկ կամուրջ հայ-վրացական բարեկամական հարաբերություններում: Թբիլիսիում հայկական թատրոնի սկզբնավորման պատմությունն սկսվում է 1824 թվականից, երբ Ներսիսյան դպրոցում սկսել էին բեմադրել հայերեն ներկայացումներ: Արդեն 1856 թվականին այստեղ հիմնվել էր պրոֆեսիոնալ հայկական թատրոն, որը գլխավորում էր Գևորգ Չմշկյանը: Հայկական դրամատիկական թատրոնը, որը վերանվանվել է Պ. Ադամյանի անվան 1991 թվականին, գլխավորում է գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերն անցկացվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: