Ֆոնդերի կառավարիչները չեն բացառում կենսաթոշակային ակտիվները ՏՏ ոլորտ ուղղելու հնարավորությունը
ЭкономикаՀայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ավստրոգերմանական «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչը չի բացառում կենսաթոշակային ակտիվների ներդրումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հայ- ֆրանսիական «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ֆոնդերի կառավարիչն էլ նկատում է, որ կենսաթոշակային ակտիվներ ՏՏ ոլորտում դեռևս չեն ներդրել` բարձր ռիսկայնությամբ պայմանավորված:
Նման կարծիք բանախոսները հայտնեցին Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները ՏՏ ոլորտում կարող են ներդնել ակտիվների մինչև 2 տոկոսը, իհարկե, դա կախված է առանձին գործիքից: Մեր հիմնական գաղափարախոսությունն է, որ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները պետք է ուղղվեն ռեալ սեկտոր: Հայաստանի դեպքում քիչ են ուղղությունները, ամեն նոր գործիք, հնարավորություն ուշի ուշով դիտարկում ենք: Նման ներդրումն այնքան էլ հարմար չի լինի կայուն եկամտային ֆոնդի համար, բայց կարող է հարմար լինել հավասակշռված ֆոնդի դեպքում, որն առավել բարձր «ռիսկ-եկամտաբերություն» հարաբերակցությունն ունի: Այո, հ նարավոր է դիտարկել նաև այդ ուղղությունը»,-ասաց «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ֆոնդերի կառավարիչ Գայանե Օրդուխանյանը:
«Մեր կապիտալի շուկան այնքան էլ զարգացած չէ, և ֆոնդերի կառավարիչները պատրաստ են ներդրումներ կատարելու ցանկացած նոր գործիքում, որն ընդունելի է: Այս պահին ֆոնդերի կառավարիչներն այդպես էլ վարվում են: Ինչ վերաբերում է ստարտափերին, օրենքի շրջանակներում նախատեսվում է, որ ֆոնդի միջոցները մինչև 2 տոկոսի չափով կարող են ներդրվել այդ ստատափերում, օրենսդրական առումով այդ հնարավորությունը կա, իսկ արդյոք ընդունելի է ֆոնդի կառավարիչների համար ներդրումներ անել, թե ոչ, պետք է անհատական վերլուծության ենթարկվի»,-նշեց «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը:
ՏՀՏ առաջնորդների փետրվարի վերջին կայացած հերթական հանդիպում-ֆորումի ժամանակ քննարկել են վարկային կազմակերպության ստեղծման տեսլականը, որի հիմքում ընկած են կոոպերատիվ հիմունքներով ՏՏ վարկային միավորում (Credit Union), կոոպերատիվ հիմունքներով ապահովագրական ընկերություն և առանձին ՏՏ կենսաթոշակային հիմնադրամ ստեղծելու գաղափարները: Դա թույլ կտա էժան ու երկարաժամկետ փողեր ուղղել ոլորտ: