Վարչապետը հանձնարարեց ՏԿՆ-ին Վայոց Ձորից Գորիս ու Կապան ձգվող ճանապարհը վերանորոգել տնտեսումների հաշվին
ОбществоՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը Վայոց Ձորից դեպի Գորիս ու Կապան ձգվող ճանապարհը վերանորոգել սեփական տնտեսումների հաշվին: Կառավարության նիստում դիմելով Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին՝ վարչապետը նշեց. «…Ուշադրություն դարձրեք Վայոց Ձորից դեպի Գորիս, Կապան ձգվող ճանապարհին, որը շատ անմխիթար վիճակում է: Նախարարն ինձ, իհարկե, զեկուցել է: Նաև մտածեք, որ ձեր մրցույթներից տնտեսած գումարները պետք է ուղղեք ու այդ վերանորոգումներն ավարտեք: Շատ արագ դա պետք է անել: Հենց եղանակը թույլ տա, պետք է սկսեք այդ գործընթացը»:
Վարչապետը նշեց, որ ծրագրի իրականացման համար Տրանսպորտի և կապի նախարարությունը 230 մլն դրամ էր խնդրել և ընդգծեց, որ այդ գումարը գերատեսչությունը պետք է հատկացնի իր տնտեսած միջոցներից: Կառավարությունը որևէ լրացուցիչ գումար չի հատկացնելու: