Ավագ հինգշաբթի. «Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի»
ОбществоԿան մարդիկ, որոնք թեպետ նշում են Սուրբ Զատկի տոնը, այնուամենայնիվ, անտեղյակ են մի շարք կարեւոր ծեսերից:
Այսօր, խոսելով Ավագ հինգշաբթի օրվա խորհրդի մասին, նշենք, որ առավոտյան եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը. օրհնեց, կտրեց եւ տվեց տասներկու աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»:
Ապա, բաժակը վերցնելով, գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է Նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար»: Պատարագն իմաստավորվում է մարդկանց փրկության համար Քրիստոսի զոհաբերությամբ` խաչվելով, արյունը հեղելով եւ Հաղորդության խորհրդի հաստատումով, որը Սուրբ սեղանի վրա օրհնված եւ պատարագված հացն ու գինին են:
Դրանք Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունն են եւ հոգեւոր սնունդ` հավատացյալների համար. «Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի»: Երեկոյան՝ ժամերգությունից հետո, կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոսը, վերջին ընթրիքից հետո ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը:
«Եթե Ես` Տերս եւ Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետեւ մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք»:
Այդպես էլ Հայ առաքելական եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը եւ օծում օրհնված յուղով:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
Սոսե Չանդոյան