Արտահանում իրականացնող տնտեսվարողներն ունեն աջակցության նոր գործիք` նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն
ЭкономикаՇուրջ մեկ տարի գործող «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ը, որի 100 տոկոս բաժնեմասերը պետությանն են, այսուհետ կիրականացնի նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն:
Նոր գործիքը գործարարներին ներկայացվեց Հայաստանի կառավարության կողմից արտահանման ֆինանսական աջակցման հնարավորություններին նվիրված համաժողով ի ժամանակ: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի արտահանման ապահովագրության գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը, շուկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշ արտահանողներ ունեն լավ գնորդներ ու հաստատված արտահանման պայմանագրեր, բայց չունեն բավարար շրջանառու միջոցներ, որ հումք ձեռք բերեն, կարողանան ապրանք արտադրել ու արտահանման գործարք իրականացնել: «Մեր նոր գործիքը Հայաստանում գործող առևտրային բանկերին և ունիվերսալ վարկային կազմակերպություններին հնարավորություն կտա առանց կոշտ գրավի պայմանի իրականա ցնել արտահանողի շրջանառու միջոցների համալրմանն ուղղված վարկավորում: Եթե լինի պատահար, արտահանողը չկարողանա ապրանքն արտահանել կամ վարկը մարել, մենք կփոխահատուցենք բանկի կրած վնասի 90 տոկոսը»,-ասաց Վազգեն Աբգարյանը:
Նրա խոսքով` այս գործիքը բանկերին թույլ կտա ավելի բարձր իրացվելիություն ապահովել, կնպաստի վարկավորման տոկոսադրույքների նվազեցմանը, իսկ վերջնական արդյունքում` արտահանման խթանմանն ու ծավալների աճին:
Այս գործիքը կիրառելի է լինելու բոլոր ոլորտների տնտեսվարողների համար, իսկ Արտահանման աջակցման խորհրդի մարտի 9-ի որոշմամբ գերակա համարվող արտադրանք (գինի, մրգային օղի, պահածոներ, մսամթերք, ձկնամթերք) արտահանող տնտեսվարող սուբյեկտներին Հայաստանի զարգացման հիմնադրամի միոջոցով ամբողջ ծավալով կսուբսիդավորվի «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» ծառայությունների դիմաց գանձվող ապահովագրավճարը: Բացի դրանից` կախված արտահանման ուղղությունից մինչև 6 տոկոսային կետ կսուբսիդավորվի նաև բանկերի կողմից տնտեսվարողներին տրա մադրվող առևտրային ֆակտոինգի կամ արտադրության փուլում հումքի ձեռքբերմանն ուղղված նախաարտահանման վարկի տոկոսադրույքները:
Ապահովագրական գործակալությունը ներկայում համագործակցում է «Արմսվիսբանկ»-ի հետ, որի կողմից տրվելիք վարկերի տոկոսադրույքները կարող են տատանվել 8-14 տոկոսի սահմաններում` կախված արտարժույթից, արտահանման երկրից, վարկի ժամկետից:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով կառավարության կողմից մշակված արտահանման աջակցման մեխանիզմներին, նշեց. « ՀՀ կառավարությունն արդեն որդեգրել է արտահանման վրա հենված արդյունաբերական քաղաքականություն, և պետությունը սկսել է կիրառել տնտեսական սուբյեկտներին աջակցման հստակ շուկայական մեխանիզմներ: Դրա վառ օրինակն է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը, որի բաժնեմասերի 100 տոկսն էլ պատկանում են Հայաստանի Հանրապետությանը»: Փոխնախարարի խոսքով` ապահովագրական ընկերությունը կիրառում է բազմաթիվ ճկուն գործիքներ, որոնց արդյունքը հնարավոր կլինի գնահատել առնվազն 3-5 տարի հետո:
Միջոցառման ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի միջև, որով կազմակերպությունները կմիավորեն ջանքերը` ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարողների կողմից արտադրության ավելցմանը, արտահանման խթանմանը և նոր շուկաներ մուտքգործելուն նպաստող համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը:
Մեկ տարվա ընթացքում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» և տնտեսվարողների միջև կնքվել է 30 պայմանագիր`1.2 միլիոն դոլարի չափով` ուղղված արտահանման ապահովագրմանը: Գործակալության ապահովագրությամբ ծածկվում են օտաերկրյա գնորդի չվճարման ռիսկերը` պայմանավորված առևտրային (սնանկություն, անվճարունակություն կամ առանց իրավական հիմքի վճարումից հրաժարում) և քաղաքական(բնական աղետներ, վարչական որոշումներ, առևտրի սահմանափակումներ) ռիսկերով: