Հայաստանում սիրիահայերն աշխատանքի և բնակարանների հետ կապված խնդիրներ ունեն. նախարար
ОбществоՀայաստանում հաստատված սիրիահայերն աշխատանքային և բնակարանների հետ կապված խնդիրներ ունեն:
Այս մասին Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մեկնարկին մարտի 24-ին նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Սիրիական թնջուկը դեռ չի ավարտվել, այս առումով անընդհատ մեր հայրենակիցները շարժման մեջ են: Գլխավոր խնդիրներն աշխատանքային և բնակարանի խնդիրներն են: Ամեն ամիս մենք գումարում ենք միջգերատեսչական հանձնաժողովի նիստ և քննարկում ենք ամենատարբեր հարցեր»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:
Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվեցին քաղաքացիություն և կացության կարգավիճակ ստացած սիրիահայերի հարցերը, ներկայացվեցին ՄԱԿ-ի 2016 թվականին նախաձեռնվող ծրագրերը, ամփոփվեցին կատարված աշխատանքները:
«Այսօր սփյուռքում շարժում է սկսվել`գումարներ հանգանակելու նպատակով, որպեսզի 600 և ավելի ընտանիքներին կարողանանք բնակվարձով ապահովել: 1 միլիոն 200 հազար դոլար է անհրաժեշտ: Հանգանակության արդյունքում 350 հազար դոլարի կարգի հավաքվել է: Դրան պետք է միանան ՄԱԿ-ի գրասենյակը և այլ միջազգային կառույցներ: Պետք է միջազգային կազմակերպությունները լրջորեն օգնեն մեր հայրենակիցներին»,-շեշտեց Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ սփյուռքի նախարարը դժգոհեց` Հայաստանի, սփյուռքի բարեհամբույր վերաբերմունքի արդյունքում միջազգային կազմակերպություններն ավելի քիչ են օգնում մեզ և ավելի շատ` այլ պետություններին:
«Մենք փորձում ենք նրանց ուշադրությունը հրավիրել մեր հայրենակիցների խնդիրներին»,-հավելեց նա: