Հայաստանում վերջին 15 տարիներին տուբերկուլոզի դեմ ակտիվ պայքար է իրականացվում
ОбществоՀայաստանում վերջին 15 տարիներին տուբերկուլոզի դեմ ակտիվ պայքար է իրականացվում: Այս մասին Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:
«ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Տուբերկուլոզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ծրագիրը: Մենք կարողանում ենք Հայաստանում կառավարել հիվանդությունը: Մեր կատարած աշխատանքն իր արդյունքները տվել է»,- նշեց Վահան Պողոսյանը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի խոսքով` Հայաստանի խնդիրն է հիվանդության հետ կապված ունենալ բարելավված ցուցանիշներ: Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի ՀՀ պետբյուջեով ձեռք է բերվելու հիվանդության բուժման համար նախատեսված դեղորայք:
ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը շեշտեց, որ 2015 թվականին առաջնակի հիվանդների թիվը կազմել է 845 դեպք` 2014-ի 1046-ի փոխարեն: Նվազել է նաև կրկնակի հիվանդների թիվը` 319-ից հասնելով 256-ի:
«Հիվանդացության ցուցանիշը տարեցտարի նվազել է, և 2015 թվականին 2,5 անգամ ավելի ցածր է եղել, քան 2006-ին: Նույն ժամանակահատվածում գրեթե 3 անգամ նվազել է մահացության ցուցանիշը: Երեխաների շրջանում ցածր է հիվանդացության թիվը: Քրեակատարողական համակարգում բավականին բարելավված վիճակ է. այնտեղ հիվանդությունների նվազում կա»,-տեղեկացրեց Արմեն Հայրապետյանը:
ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ դեպքերի գրեթե 80 տոկոսը հաջողությամբ բուժվում է, հիվանդները բնականոն կյանքի են վերադառնում: