«Ալյանս» և «Մերիդիան» ԱՏԳ-ներում ներդրումների ծավալը կազմելու է 101,2 մլն դոլար
ЭкономикаՀայաստանյան երկու՝ «Ալյանս» և «Մերիդիան» ազատ տնտեսական գոտիներում առկա է շահագործող 10 կազմակերպություն, որոնց ներդրումների ծավալը կազմելու է 101, 2 մլն դոլար: Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ այդ ներդրումների շնորհիվ ստեղծվելու է 450 նոր աշխատատեղ:
Գործադիրը «ԲԱԳԵԶՅԱՆ» ՍՊԸ-ին տրամադրեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում շահագործողի թույլտվություն: Նախատեսում է ոսկերչության և արծաթագործության ոլորտում իրականացնել 68,5 մլն դոլարի ներդրումային ծրագիր:
Ըստ Մինասյանի, ընկերությունը մոտակա 5 տարվա ընթացքում կստեղծի առնվազն 70 նոր աշխատատեղ՝ 250-500 դոլար միջին աշխատավարձով: «Ընկերությունը պլանավորում է ընդլայնել արտահանումը հիմնական ուղղություններով՝ ՌԴ և ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, ԵՄ երկրներ, ՄԱԷ, Հոնկոնգ, Մեքսիկա, Իրաք, Իսրայել՝ ապահովելով արտահանման տարեկան ծավալը մոտ ապագայում շուրջ 9.5 մլն դոլարի սահմաններում»,- ասաց նախարարը:
Նորաստեղծ «ԲԱԳԵԶՅԱՆ» ՍՊԸ-ն հանդիսանում է «BaG Jewelry» ընտանիքի անդամ, որն ունի 30 տարվա աշխատանքային պատմություն միջազգային ոսկերչական ոլորտում: Ընկերությունն ունի ավելի քան 10 հազար անվանում: Ընկերությունն ունենալու է 700քմ արտադրական տարածք «Մերիդիան» ԱՏԳ-ում: