Ալեքս Ամիրյանի ֆիլմի ցուցադրությունների հասույթը կտրամադրվի բարեգործության
ОбществоՌեժիսոր Ալեքս Ամիրյանի «Կուկլովոդ» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում: Կինոնկարի առաջին մասի` «Ռուսական դրվածք»-ի երևանյան պրեմիերան տեղի կունենա մարտի 25-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում:
«Ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ում: Ինձ համար կարևոր է եղել ցույց տալ իմ նախագիծը հայրենիքում: Այսօր կներկայացվի առաջին մասը: Գանգստերային պատմության միջոցով փորձել եմ ներկայացնել ներգաղթյալների կյանքը: Ներգաղթյալը հիմնականում խնդիրներ է ունենում տեղի իր հայրենակիցների հետ: Շատ հերոսներ, որոնց կտեսնեք ֆիլմում, իրականում եղել են»,- Արմենպրեսի փոխանցմամբ` ֆիլմի երևանյան պրեմիերայից առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեցռեժիսոր,սցենարիստ և գլխավորդերակատար Ալեքս Ամիրյանը:
Ֆիլմի ցուցադրություններից ստացված գումարը կտրամադրվի «Արմավենի» բարեգործական հիմնադրամին`հենաշարժական ապարատի հիվանդություններով տառապող երեխաների բուժման համար:
«Ես սիրում եմ այն կինոն, որն ստիպում է մարդուն մտածել: Ֆիլմը մեկ ամիս կցուցադրվի Երևանի «Մոսկվա», ինչպես նաև Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոններում: ԱՄՆ-ում հիմնականում բոլորին դուր է եկել կինոնկարը: Պատրաստվում է ռուսերեն ֆիլմի անգլերեն տարբերակը: Այն նախորդ տարի սեպտեմբերին է ցուցադրվել, և մեծ հետաքրքրություն է առաջացրել: Առաջիկայում Ռուսաստանում էլ ցուցադրություններ կլինեն»,-շեշտեց Ալեքս Ամիրյանը:
Ռեժիսորը խոստովանեց, որ սումգայիթյան դեպքերին նվիրված ֆիլմ նկարահանելու ցանկություն ունի, և իր պատկերացմամբ գեղարվեստական վավերագրական ֆիլմում հանդես կգան նաև հոլիվուդյան դերասաններ:
«Կուկլովոդ»-ը կազմված է երկու մասից, որտեղ ընգրկվել են «Ռուսական դրվածք» և «Ստվերների ճակատամարտ» ֆիլմերը: Երկու ինքնուրույն նախագծերը միավորում է ընդանուր պատմությունը:
Ֆիլմի առաջին մասը՝«Ռուսական դրվածք» -ը, ԱՄՆ-ի ռուսական մաֆիայի կազմավորման պատմությունն է: Կազմակերպության նպատակն է հսկողություն սահմանել նոր Ռուսաստանի բիզնեսմենների գործունեության ու կոոպերատիվ շարժման նկատմամբ: «Ռուսական դրվածք» -ի գործունեությունը չի սահմանափակվում միայն 90-ականների սկզբներին ԱՄՆ արտագաղթած ռուսներով: Ֆիլմում տեղ է գտել նաև սյուժեի գլխավոր ինտրիգը՝մարդ, որի գտնվելու վայրի մասին ոչ ոք չգիտի: Նա օրենքով գող Սենյա Կուկլովոդն է ՝ «Ռուսական դրվածք»-ի սև կարդինալը:
Ալեքս Ամիրյանի նախագծում նկարահանվել են Պավել Նովիկովը,Վլադիմիր Եպիսկոպոսյանը, Իգոր Գուզունը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Մաքս Ռուչկինը, Կոնստանտին Բրոմբերգը և այլք: Նկարահանումները տեղի են ունեցել ԱՄՆ-ում (Շարլոտ,Նյու-Յորք, Դետրոյթ, Մայամի), Կանադայում (Վինզոր), Ռուսաստանում (Մոսկվա), Ուկրաինայում (Օդեսա), Բելգիայում (Բրյուսել):