Մինչև 2019 թ. ինժեներական լաբորատորիաներ կստեղծվեն հանրապետության բոլոր դպրոցներում
ОбществоՀՀ կառավարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Այն ուղղված է «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում» ծրագրի իրականացմանը: Փաստաթուղթն ԻՏՁՄ 16-րդ տարեկան համագումարի ժամանակ ստորագրեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը կարևոր նշանակություն ունի ինչպես ԻՏՁՄ-ի, այնպես էլ աջակից ընկերությունների, և առհասարակ, ողջ հանրության համար: Միությունը նախատեսում է մինչև 2019 թվականն ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրապետության բոլոր՝ 1400 դպրոցներում»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ լաբորատորիաների առկայությունը հնարավորություն կտա բարելավել Հայաստանում ինժեներական կրթության մակարդակը, նպաստել նոր տեխնոլոգիական սերնդի զարգացմանը և Հայաստանը մրցունակ դարձնել տեխնոլոգիական համաշխարհային հսկաների կողքին:
Վարդանյանի խոսքով՝ լաբորատորիաների առկայությունը թույլ կտա առաջիկա տարիների ընթացքում ՏՏ ոլորտը համալրել նոր աշխատուժով: Ակնկալվում է, որ հանրապետության բոլոր մարզերում բացվող խմբակների առկայությունը և ՏՏ ոլորտի արդյունավետ գործունեությունը կնպաստի շուրջ 15 հազար ՏՏ մասնագետների մուտքին՝ այս բնագավառ: