Տնտեսվարողները չեն նշում ընպելիքները բնական հումքի փոխարեն փոխարինիչով արտադրելու մասին
ОбществоՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 25-ին կայացած նիստում որոշել է հարուցել վարչական վարույթներ սննդամթերքի, առավելապես ըմպելիքների արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հանդեպ: Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու, թե որքանով են տնտեսվարողները սպառողներին տրամադրում հավաստի տեղեկատվություն՝ իրացվող ապրանքի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին հանձնաժողովից, պարզվել է, որ մի շարք դեպքերում ապրանքի անվանումը կարող է մոլորեցնել և շփոթեցնել սպառողներին: Օրինակ, արտադրվող կամ ներմուծվող ըմպելիքների վրա նշված է «Ջերմուկ կիտրոն», «Հայ կոլա մանգո», «Կիլիկիա նարինջ», «Ֆանտա նարինջ», «Միրինդա խնձոր» և այլն, ինչը կարող է սպառողների մոտ թյուր տպավորություն ստեղծել, որ այդ ըմպելիքների բաղադրության մեջ առկա է նշված մրգերի պարունակություն, մինչդեռ դրանք պատրաստված են այդ մրգերի փոխարինիչներով, այսպես կոչված՝ համաբուրավետիչ նյութերի հավելումով:
Խնդիրը գրավել է ՏՄՊՊՀ-ի ուշադրությունը նաև այն պատճառով, որ համաձայն ԵԱՏՄ նոր կանոնակարգի, բոլոր այն դեպքերում, երբ տնտեսվարողները սննդամթերքի մեջ օգտագործվում են ոչ թե կոնկրետ բաղադրիչ, այլ դրան փոխարինող բուրավետ նյութ, պարտավոր են ապրանքի անվանման մեջ ավելացնել «համով և (կամ) հոտով» բառերը:
Վարչական վարույթ է հարուցվել «Թամարա և Անի» ՍՊ, «Քեթրին Գրուպ» ՍՊ, «Վանց Գրուպ» ՍՊ, «Երևանի գարեջուր» ՓԲ, «Կոկա կոլա Հելենիկ Բոթլինգ Քամփնի» ՓԲ, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի Կոլա Բոթլեր» ՍՊ, «Ջերմուկ Գրուպ» ՓԲ, «Սամ-Հար» ՍՊ, «Յունիոն» ՍՊ, «Դարոյինք» ՍՊ և «Արսեն և Ներսես» ՍՊ ընկերությունների հանդեպ:
Հանձնաժողովը գտնում է, որ ընկերությունների նման վարքագիծը կարող է հանգեցնել հասարակության մոլորեցման` անբարեխիղճ մրցակցության գործողության, քանի որ մակնշման մեջ տվյալների վերաբերյալ նշումների բացակայությունը հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել տվյալ ապրանքների վերաբերյալ: