Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում ավարտվել է ընթերցման օլիմպիադաների մարզային փուլը
ОбществоԳեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում ավարտվել է ընթերցման օլիմպիադաների մարզային փուլը, եւ ի հայտ են եկել հաղթողները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Համբարձում Սաֆարյանը, օլիմպիադան անցկացվում է Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության համապատասխան որոշմամբ, հանրակրթական դպրոցների վեցերորդ դասար աններում, երեք փուլով՝ դպրոցական, մարզային եւ հանրապետական: Մարզի դպրոցներում օլիմպիադային մասնակցելու համար Գեղարքունիքում հայտավորվել էր 77 դպրոցական: Ընթերցման օլիմպիադային հայտագրված դպրոցականներից մարզային փուլին մասնակցել է 19 դպրոցական, որոնցից մարզային փուլում հաղթող է ընտրվել 3 դպրոցական:
«Հաղթողներին ընտրելու համար սահմանվել են մի քանի նորմեր, համաձայն որի հանձնաժողովը գնահատում է ընթերցող դպրոցականի սահուն ընթերցումը, ճիշտ շեշտադրումը, արտահայտչականությունը, մասնակցի կողմից ընտրված գիրքն ամբողջապես ընթերցած լինելը»,-նշեց Համբարձում Սաֆարյանը:
Հաղթող դպրոցականներ Սոֆյա Բավեյանը՝ Երանոսի թիվ 2 դպրոց, Գոհար Սուչյանը՝ Կարմիրգյուղի թիվ 2 դպրոց եւ Շուշան Թառոյանը՝ Մարտունու թիվ 2 դպրոց, կմասնակցեն օլիմպիադայի հանրապետական փուլին:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլը կկայանա մայիս ամսին:
Խոսրով Խլղաթյան