«Արտավազդ»-ը ՀԹԳՄ ամենակարևոր միջոցառումն է. Հակոբ Ղազանչյան
КультураՀայաստանի թատերական գործիչների միության համար «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն ամենակարևոր միջոցառումն է:
Այս մասին մրցանակաբաշխությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:
««Արտավազդ»-ը մեր ազգային թատերական մրցանակաբաշխությունն է, որն ամփոփում է մեկ տարվա աշխատանքը: Մեզ համար շատ կարևոր միջոցառում է: Մենք հնարավորություն ենք ունենում ծանոթանալու այն ամենին, ինչ տեղի է ունեցել մեր բեմերում: Բացի այդ, առիթ է, որ այդ լավի մասին խոսենք, հանրությանը ներկայացնենք, հիշեցնենք նրանց, որ կա Թատրոնի միջազգային օր, որը նշվում է ամբողջ աշխարհում: Սա մեր պրոֆեսիոնալ տոնն է»,- նշեց Հակոբ Ղազանչյանը:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը հույս ունի, որ մրցանակաբաշխությունից հետո դժգոհ մարդիկ քիչ կլինեն:
««Արտավազդ»-ն ամեն տարի հայտնություններ է ունենում: Սրանում է մրցանակաբաշխության էությունը: Ժյուրին նայել է 46 ներկայացում: Շատ դժվար աշխատանք էր: Այս տարի մենք շատ ճիշտ քայլ արեցինք` դրամատուրգիայի համար ստեղծվեց առանձին հանձնաժողով»,-շեշտեց նա:
Հակոբ Ղազանչյանը նշեց, որ անվանակարգերում հիմնականում երիտասարդներ են ընդգրկված եղել: «Ավագ սերունդն արդեն 3 տարի չի ներկայացնում աշխատանքներ` ճանապարհ տալով երիտասարդներին: Երիտասարդների մեջ բավականին հետաքրքիր դեմքեր կան»,-հավելեց նա`շեշտելով, որ անլուրջ, պատահական աշխատանքներ էլ են ներկայացվել:
Հակոբ Ղազանչյանի խոսքով` հետագայում մրցանակաբաշխության կանոնակարգը պետք է փոփոխվի, և անվանակարգերում առաջադրվածների ընտրությունը պետք է փուլերով կատարվի: Նրա համոզմամբ` անհրաժեշտություն կա նաև ստեղծեու «Արտավազդ» փառատոն, որին կներկայացվեն մրցանակաբաշխության ներկայացումները:
«Արտավազդ» մրցանակաբաշխությունը այս տարի նվիրված է Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին: Միությունը հիմնադրվել է 1940 թվականի մայիսին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ:
«Արտավազդ» մրցանակն այս տարի կտրվի 13 անվանակարգերում: Մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996-ին: Մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27–ին մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին: